Տաղանդը մերն է, մնացածը թող ուրիշ տեղ լինի. Շիրակի մարզպետը՝ Գյումրու մարզադպրոցների մասին
Հայազգի բազմաթիվ չեմպիոնների ծննդավայր Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարզադպրոցների պայմանները որևէ կերպ չեն նմանվում ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադպրոցներին, և դա նաև մարզային իշխանություններին է մտահոգում:
Նշենք, որ հենց Գյումրիում էր մարզվել ընբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ում մարզադպրոցում նույնպես վատ պայմաններ են: «Արթուրի մարզադպրոցի հետ կապված խոսակցություն ունեցել ենք, բոլոր մարզադպրոցներում էլ խնդիր կա: Դրա հետ կապված՝ մենք խնդիրը դրել ենք, որն արդեն քննարկման ընթացքի մեջ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը պետք է Գյումրի գնա, իրենք միասին կայցելեն, կծանոթանան իրավիճակին և քայլեր կձեռնարկեն:
Իսկ թե ինչի արդյունք է, որ Գյումրին այդքան շատ չեմպիոններ է տալիս, մարզպետը պատասխանեց. «Հողից է, ջրից է, արևից է: Ի սկզբանե գյումրեցիներն այդ երկու մարզաձևում շատ ակտիվ են եղել, այստեղ տաղանդ կա, տաղանդը մերն է, մնացածը թող ուրիշ տեղերում լինի»:










