Հրապարակվել է «երջանիկ» և «դժբախտ» երկրների վարկանիշային աղյուսակը. ներառված է նաև Հայաստանը

17:55 • 17.09.14

Հրապարակվել է Gallup և Healthways ընկերությունների համատեղ՝ Աշխարհի երկրների բարեկեցության վարկանիշային աղյուսակը՝ 2013-ի համար:

 

Հերթական անգամ հայտնի է դարձել, թե որ երկրների բնակչությունն է ամենաերջանիկը և ամենադժբախտը 135 պետությունների շարքում: Ցուցակում առաջատար է Պանաման: Բացի այդ երկրից, առաջին տասնյակում են Կոստա  Ռիկան, Դանիան, Ավստրիան, Բրազիլիան, Էլ սալվադորը, Ուրուգվայը, Շվեդիան, Կանադան, Գվատեմալան:

 

ԱՄՆ-ն 14-րդն է:

 

Հետաքրքրական է, որ աշխարհի բոլոր մասերից բարեկեցության ցուցիչով ամենաբարձրը Լատինական Ամերիկան է. Gallup-ում և Healthways-ում գտնում են, որ դրա վրա ազդում է տարածաշրջանի բնակչության մտածելակերպը, որը դրական մոտեցում ունի կյանքին:

 

Ամենադժբախտ երկրների թվում են՝ Սիրիան, Աֆղանստանը, Հաիթին, Կոնգոն, Չադը, Մադագասկարը, Ուգանդան, Բենինը, Խորվաթիան, Վրաստանը:

 

Հայաստանն ըստ «համայնքային բարեկեցության» ցուցանիշի «դժբախտ երկրներին» մոտ սահմանագծում է: Այդ տիրույթում է նաև Թուրքիան: Մեր երկրում բնակչության 92%-ը բացասական է պատասխանում ֆինանսական, նպատակային բարեկեցության մասին հարցերին, 8%-ը՝ դրական:

 

Հայաստանը ներառված է նաև տարածաշրջանային առաջընթաց ունեցող երկրների ցանկում: Նախկին ԽՍՀՄ-ի երկրների շարքում մեր երկիրն առաջինն է: Այս ցուցակում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

 

Այս վարկանիշով գնահատվում է աշխարհի երկրների բնակչության բարեկեցությունը՝ ըստ նրանց ֆինանսական դրության, սոցիալական բարեկեցության ցուցիչների, որոնց թվում են սոցիալական պաշտպանվածության զգացողությունը, հարաբերությունները հարազատների հետ, կյանքի նպատակի գիտակցումը, ֆիզիկական առողջությունը և այլն: