Վերահսկիչ պալատը երբեք սուտ չի ասում. Իշխան Զաքարյանը Զիմբաբվեից մասնագետ հրավիրելու մասին

16:03 • 17.09.14

Վերահսկիչ պալատը երբեք սուտ չի ասում, ինչ որ ասել եմ, բոլորը իրական է ու ճիշտ. ԱԺ-ում լրագրողի հարցին, թե փաստորեն Զիմբաբվեի հարցում նրա արված հայտարարությունն այդքան էլ ճիշտ չէ, ելնելով հետագա հրապարակումներից, ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը։


Նա խորհուրդ տվեց մյուս շաբաթ մասնակցել ԱԺ հանձնաժողովներում ՎՊ-ի տարեկան հաշվետվության քննարկումներին և ճշտել բոլոր հարցերը։


Նշենք, որ խոսքը վերաբերում է Զաքարյանի այն աղմկահարույց հայտարարությանը, որ «Հայկական միրգ» ընկերությունը 460.000 դոլարով Զիմբաբվեից մասնագետ է վարձել ծիրան աճեցնելու համար, որից հետո պարզաբանումներ տրվեցին, որ գումարը տրամադրվել է ոչ թե պետբյուջեից, այլ գրանտային ծրագիր է եղել փորձագետ հրավիրելու հստակ պահանջով: Բացի այդ, ընկերության մասնագետը ոչ թե Զիմբաբվեի քաղաքացի է եղել, այլ Բրիտանիայի և ոչ թե ծիրան աճեցնել է սովորեցրել, այլ մշակել է բիզնես պլան: