Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կմեկուսացնի Արցախը. քաղաքագետ

22:02 • 17.09.14

Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանը, անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած՝ Արցախի անկախության ճանաչմանը վերաբերող օրինագծին, ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, ավելին՝ կարծում է, որ Հայաստանի կողմից ճանաչումը կմեկուսացնի Արցախը։

 

«Հիմա Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը Թուրքիան և Ադրբեջանը կներկայացնեն որպես Հայաստանի ագրեսիա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը և սխալ համարեց այդ քայլը։ Նա կոչ արեց ներքին քաղաքական խնդիրները չխառնել Արցախի ճանաչման հետ։

 

Ինչ վերաբերում է «Ժառանգության» կողմից օրինագծում առաջ քաշած այն կետերին, որ պետք է բացառել Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի պետական սահմաններին անցակետերի տեղակայումը և ՀՀ-ի անդամակցությունը որևէ կառույցի, որը կվտանգի ԼՂՀ-ի և ՀՀ-ի ինքնիշխանությունը, Լևոն Մելիք-Շահնազարյանն ասաց, որ առանց այդ էլ որևէ մեկը նպատակ չունի անցակետեր տեղադրել ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմաններին։ «Արձանագրել այն, ինչ արդեն կատարվում է, քաղաքական քայլեր են, որոնք կարելի է հասկանալ։ Ընդդիմությունը միշտ փորձում է ելքեր գտնել իր հայրենասիրական ձգտումները ժողովրդին ավելի լավ ներկայացնելու համար»,-ասաց նա։

 

Քաղաքագետը նշեց, որ ցանկացած պետություն ինքն է որոշում իր երկրի մաքսային սահմանները, և որևէ մեկը չի կարող Հայաստանին թելադրել երկրի մաքսային սահմանները։