Հայաստանը պետք է մտքից հանի հզոր ուժերի փեշի տակ մտնելու փորձերը. Հարություն Մեսրոբյան
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գտնում է, որ Հայաստանը պետք է մտքից հանի հզոր ուժերի փեշի տակ մտնելու փորձերը:
«Մեր էլիտայի ճնշող մեծամասնությունը հոգեբանությամբ ստրուկ է»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների կիրառմանը, փորձագետն ասաց, որ դա արագ չի անցնի և կլինի երկարատև ու ծանր գործընթաց: Ըստ նրա՝ միաբևեռ աշխարհը վերափոխվում է երկու կամ երեք բևեռների, ինչը բերում է ցնցումների:
«Մի մասին թվում է, որ շուտով Ռուսաստանը կչոքի, և այդ մարդիկ պարզապես տգետ են, քանի որ Ռուսաստանը շատ ավելի վատ վիճակում է եղել, որից դուրս է եկել ավելի ագրեսիվ կայսրություն դարձած: Իսկ այն մարդիկ, որոնց թվում է` Արևմուտքը նահանջ կապրի, նույնպես սխալվում են, քանի որ Արևմուտքի համար էլ դա կյանքի և մահու պայքար է»,-ասաց նա:
Նա նշեց, որ դեռ 1991թ. մեզ մոտ անհաջող պետական համակարգ է ստեղծվել և ստացվել է այնպես, որ որքան մարդ քիչ արժանիքներ է ունենում, այնքան մեծ է հավանականությունը, որ նրա դիրքը կառավարման համակարգում կբարձրանա. այդպես էլ ձևավորվել է մեր վերնախավը, որը, փորձագետի գնահատմամբ, իրականում կեղծ վերնախավ է:
«Հայաստանը չի զարգացել, պարզապես մեզ մոտ թվաբանական աճ է եղել: Այսինքն՝ մեծացել ենք, սակայն մնում ենք նույն անզարգացած պետությունը»,-ասաց նա:
Հարցին, թե մեզ մոտ շատերը գտնում են, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում հնարավոր է Հայաստանի արտահանման ծավալներն ավելացնել, Հարություն Մեսրոբյանն ասաց. «Տեսականորեն ճիշտ է, սակայն Հայաստանը անորակ պետական համակարգ ունի, իսկ անորակ համակարգը չի կարող որակյալ օգտվել փոփոխվող իրավիճակից»:
Մեկ այլ հարցին, թե կարծում եք ԵՏՄ անդամակցության հարցում Հայաստանին խաբե՞լ են, Հարություն Մեսրոբյանը պատասխանեց. «ԵՏՄ-ն տղամարդ չէ, Հայաստանն էլ` կույս աղջիկ»: Նա նշեց, որ պետական կառավարման արտաքին քաղաքականությունը գնահատելիս չպետք է խոսել գնահատականներով, թե մեզ խաբեցին:
«Ինչպե՞ս կարելի է մի պետության համապատասխան գերատեսչությունների մասին ասել, թե խաբվել են, եթե խաբվել են, ուրեմն թող հրաժարական տան»,–ասաց նա:










