2016-ի ամառային Օլիմպիական խաղերի բացման ամենաէժան տոմսերն արժենալու են 86 դոլար
2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն հրապարակել է տոմսերի գները: Նախատեսված է 5 գնային տարբերակ` ամենաթանկ A-ից մինչև ամենաէժան E:
Օլիմպիական խաղերի բացման արարողության ամենաէժան տոմսերն արժենալու են 86 դոլար, իսկ ամենաթանկերը մոտ 1978 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` Agence France-Presse-ին հղումով:
Մրցումների 7,5 միլիոն տոմս վաճառքի կհանվի 2015 թվականի սկզբին, ընդ որում՝ դրանցից 3,8 միլիոնը մատչելի գնի կլինեն` մոտ 30 դոլար արժողությամբ:
Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվեն 2016 թվականի օգոստոսի 5-21-ն ընկած ժամանակահատվածում:










