Ոչ միջազգային սուբյեկտների կողմից ԼՂՀ ճանաչման պարագայում միայն բարոյական հաղթանակ ենք ունենում. Արա Պապյան

10:24 • 17.09.14

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԼՂՀ անկախության ճանաչման վերջին դեպքերը, ասաց, որ միջազգային սուբյեկտների կողմից ԼՂՀ-ն ճանաչելու պարագայում ԼՂՀ ժողովուրդն ունենալու է միայն բարոյական հաղթանակ:

«Նման պարագաներում մենք ունենում ենք բարոյական հաղթանակներ, բայց էության մեջ ինչ-որ բան չի ավելացվում Արցախի անվտանգությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Գարիտանո Լարանյագան օրեր առաջ հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի երկիրը հասնելու են միջազգային ճանաչմանը։ Իսկ սեպտեմբերի 12-ին Բասկերի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով ճանաչում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը։ 

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Այդպիսով Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ 5-րդ նահանգը, որը ճանաչում է ԼՂՀ անկախությունը։ ԱՄՆ մյուս չորս նահանգներն են՝ Լուիզիանան, Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը և Մեյնը։

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին Արա Պապյանը խորհուրդ տվեց մոտենալ երկու տեսանկյունից՝ իրավական և քաղաքական: «Երբ մենք իրավական տեսանկյունից ենք մոտենում ԼՂՀ ճանաչման հարցին, ապա այստեղ, բնականաբար, ճանաչում չկա, որովհետև ըստ միջազգային օրենքի՝ ճանաչում կարող է տեղի ունենալ միայն արդեն իսկ ճանաչված պետությունների կողմից, միջազգային իրավունքի սուբյեկտների կողմից: Մենք ինչը որ այսօր ունենք՝ ԱՄՆ-ի նահանգները կամ Իսպանիայի որևէ մարզ, դրանք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն, դրանք չեն կարող ճանաչել»,- ասաց նա:

Վերջինիս ներկայացմամբ՝ եթե ուշադրությամբ կարդանք Բասկերի երկրի խորհրդարանի հայտարարությունը, այնտեղ ճանաչում չկա, այնտեղ հստակ ասվում է, որ Բասկերի երկիրն աջակցում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իսկ ինքնորոշման իրավունքին դեմ լինել որևէ մեկը չի կարող, քանի որ ազգերի ինքնորոշումը նպատակ է՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ:

«Եվ քանի դեռ որևէ պետություն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, այն չի կարող լինել ճանաչված, որքան էլ նահանգների կամ մարզերի մակարդակով ճանաչվի: Ճանաչումը դաշնային իշխանության լիազորություն է»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգների գործադիր գերագույն իշխանության լիազորության մաս է կազմում, այսինքն՝ նախագահը պետք է ճանաչի:

Ըստ Արա Պապյանի՝ քաղաքական առումով դրական միտում է, երբ երկրները գտնում են, որ Արցախն արժանի է անկախության: Ի վերջո, նման «ճանաչումները» հսկայական ջանք, եռանդ, ժամանակ, փող պահանջող գործընթացներ են:

Դիտարկմանը, թե արդյոք դա չի բերի նրան, որ հայությունը հայտնվի ցեղասպանությունների ճանաչումի որոգայթի մեջ, նա պատասխանեց. «Երբ Միացյալ Նահանգների մի քանի տասնյակ նահանգ ճանաչել է, բայց արդյունք չկա, դա թակարդի նման մի բան է, որովհետև ճանաչման ամբողջ իմաստն այն է, որ ճանաչվելով իրենք դառնում են միջազգային իրավունքի սուբյեկտ և իրենց վրա են տարածվում միջազգային իրավունքի օրենքները, այն է՝ պաշտպանությունը, այն է՝ նրա սահմանները չեն կարող խախտվել ուժի կիրառման սպառնալիքով, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի, այսինքն՝ ճանաչումն ինքնանպատակ չի, իմաստ ունի»:

Անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունմանը՝ Արա Պապյանը նշեց, որ դա պետք է բաժանել 2 ժամանակահատվածի՝ մինչ Հայաստանի անկախացումը և անկախացումից հետո: Մինչ Հայաստանի անկախացումը հասկանալի է, որովհետև չկար այն միջազգային իրավունքի սուբյեկտը, որը պետք է հանդես գար պահանջատիրությամբ՝ ՀՀ տարածքային ամբողջատիրության պահանջով: Եվ դա միակ ճանապարհն էր, դրա համար էլ գնում էին ճանաչման: Իսկ անկախությունից հետո դա դառնում է ժամանակավրեպ ծրագիր, որովհետև երբ կա պետություն, որը կարող էր հանդես գալ սեփական իրավունքների պահանջով, արդեն Ցեղասպանության հարցը երկրորդական է լինում:

«Ի վերջո պետք է հասկանանք, որ մեր իրավունքները խարսխված են ոչ թե Ցեղասպանության իրողության կամ իրողության ճանաչման վրա, այլ այն միջազգային փաստաթղթերի վրա, որոնցով Հայաստանին տրվել են որոշակի տարածքներ և ճանաչվել են սահմանները: Հետևաբար, դարձյալ կախված է նրանից, թե ինչ ջանք ու եռանդ ենք ծախսում այդ ճանաչման վրա»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե դա տեղի է ունենում հեշտությամբ, խնդիր չկա, թող ճանաչեն: Բայց օրինակ այն, ինչ ԱՄՆ-ում է տեղի ունենում, երբ այդքան ջանք է գործադրվում, որպեսզի Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, իմաստ չունի, որովհետև ԱՄՆ-ն արդեն երեք անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Պատմաբանն այդ ճանապարհով հիմա գնալն անիմաստ է համարում: