Կարծում եմ՝ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումներին կմասնակցեն. Սուքիաս Ավետիսյան
Մեզ համար հստակ է՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ընդհանրապես բովանդակային քննարկման չեն մասնակցի, իսկ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», կարծում եմ, բովանդակային քննարկումներին կմասնակցեն, հետո էլ իրենց կարծիքը կասեն. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ «Ժառանգության» դեպքում նա հիմք ընդունեց այն հայտարարությունը, թե կգնան սահմանադրական բարեփոխումների, եթե իրենց 3 կետից բաղկացած առաջարկություններն ընդունվեն։
Իսկ թե ամեն դեպքում ինչպե՞ս են վերաբերում «Ժառանգության» առաջարկություններին, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Երբ հոկտեմբերի 15-ից հետո արդեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կլինի վերջնական տարբերակով, կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարելի է հստակ քննարկումները սկսել, այդ թվում նաև «Ժառանգության» երեք առաջարկների հարցով։ «Ժառանգությունը» գտնում է նպատակահարմար, եթե իր որոշ առաջարկություններ քննարկվեն կամ ընդունվեն. ես էլ ասում եմ՝ սպասենք հոկտեմբերի 15-ից հետո նոր բովանադակային քննարկմանը»,-ասաց նա։
Սուքիաս Ավետիսյանն ամեն դեպքում ՀՀԿ-ի տեսակետն է հայտնում՝ ՀՀԿ-ն բաց է ցանկացած ուժի հետ ցանկացած հարցի քննարկումների համար։
Ինչ վերաբերվում է արդեն իսկ հայտարարված հանրահավաքին, ապա Սուքիաս Ավետիսյանը նշեց, թե իրենք նման հանրահավաքներից չեն վախենում։ «Եթե հանրահավաքներում ինչ-որ կոչեր կհնչեն, խնդիրներ կառաջանան, հարցադրումներ կլինեն, դրանից հետո կքննարկենք, ի՞նչ է եղել, իսկ հանրահավաքից վախենալ պետք չէ, մարդիկ իրենց կարծիքն են հայտնում այդ ձևով»,-ասաց նա։
ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց ՝ ինչ տիպի համակարգ էլ լինի, պետք է լինի սահմանադրական բարեփոխումների միջոցով։ «Մենք ի սկզբանե որդեգրել ենք Սահմանադրություն, և այդ Սահմանադրությունը փոխել կարող է միայն հանրաքվեն։ Կապ չունի՝ ինչ կարգ է, այդ կարգը հաստատվելու է սահմանադրական հանրաքվեի միջոցով։ Հանրաքվեն այլընտրանք չունի, իսկ թե ի՞նչ կառաջարկվի և ի՞նչ բովանդակություն կլինի վերջնական տեսքում, դա հետագայում պարզ կլինի»,-ասաց նա։










