Սեպտեմբերի 20-ից տավուշցիները կարող են անտառից վառելափայտ հավաքել. մարզպետ

19:10 • 18.09.14

Տավուշի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այսօր փակել էին միջպետական ճանապարհը՝ պահանջով, որ իրենց թույլ տան մտնել Դիլիջան ազգային պարկ՝ ձմեռվա համար վառելանյութ ձեռք բերելու: Մարդիկ դժգոհել են, որ համայնքներից դեպի անտառներ տանող ճանապարհներին ազգային պարկի աշխատողների կողմից արգելափակոցներ են դրվել, և թույլ չեն տալիս անտառից վառելափայտ ձեռք բերել:


Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցն արդեն լուծված է:


«Հարցը մինչև վերջ բարձրացված է, հարցերը լուծված են: Վաղը չէ մյուս օրվանից ժողովրդին վառելափայտով կապահովեն: Գյուղացիները կմտնեն անտառ, բայց ոչ թե ծառերը կկտրեն, այլ այն ծառերը, որոնք ընկած են քամուց, թեքություններից, ինչպեսև՝ ծառերի չորացած թափոնները կտան ժողովրդին»,-ասաց Հովիկ Աբովյանը՝ շարունակելով. «Պայմանավորվել եմ և՛ նախարարի հետ, և՛ ուժային կառույցներին եմ հրավիրել մարզպետարան, և՛ Դիլիջանի ազգային պարկի նորանշանակ տնօրենին եմ հրավիրել մարզպետարան, ժողովրդից էլ էին եկել՝ մասնակցելու մեր խորհրդակցությանը, և որոշվել է, որ սեպտեմբերի 20-ից կարող են վառելափայտ հավաքել»: