Շոտլանդիայի անկախացումից Ղարաբաղում ոչինչ չի փոխվի. Ալեքսանդր Իսկանդարյան
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ եթե Շոտլանդիան առանձնանա Մեծ Բրիտանիայից և ճանաչվի անկախ պետություն, դրանից Լեռնային Ղարաբաղում ոչինչ չի փոխվի:
«Շոտլադիայի ինքնորոշման հանրաքվեն այսօր շատ հետաքրքիր կանցնի: Իսկ այն, ինչ հետաքրքրում է լրագրողներին այստեղ, դա հասկանալի է: Փորձում են հասկանալ, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի ու Արցախի վրա: Եվ հարց է առաջանում, որ եթե Շոտլանդիան ճանաչվի անկախ, կճանաչի՞ Արցախի անկախությունը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Իսկ թե ինչու են աշխարհում փոքր ազգերը ձգտում գնալ ինքնորոշման, քաղաքագետն օրինակ բերեց Արցախին՝ ասելով.«Արցախում չեն պայքարել մի կտոր երշիկի ու մսի համար, նրանք պայքարել են Արցախի համար: Մարդիկ չեն պայքարում, որ լավ ապրեն, Շոտլանդիայում ևս վատ չեն ապրում, այլ ուզում են, որ իրենք որոշողը լինեն: Նրանք ուզում են առանձնանալ Մեծ Բրիտանիայից, քանի որ տարիներ շարունակ դա են ցանկացել»:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կեղծվեն Շոտլանդիայում ընտրությունների արդյունքները, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ երբեք ոչ մի տեղ չեն եղել ընտրություններ, որոնք ինչ-որ առումով չկեղծվեն:










