Աստրախանում հարձակվել են BBC-ի լրագրողների վրա
ՌԴ Աստրախան քաղաքում անհայտ անձինք հարձակվել են բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի ռուսական գրասենյակի լրագրողների վրա: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` BBC-ի լրագրող Սթիվ Ռոզենբերգին հղումով:
Լրագրողները եկել են Աստրախան, որպեսզի ռեպորտաժ պատրաստեն Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին ռուս զինվորների մահվան մասին:
Երբ նկարահանող խումբը դուրս է եկել սրճարանից և ուղղվել դեպի ավտոմեքենան, նրանց վրա հարձակվել է երեք ագրեսիվ տրամադրված տղամարդ, հայտնել է Ռոզենբերգը:
Հարձակվողները ծեծի են ենթարկել օպերատորին, ապա լրագրողների ձեռքից վերցրել են տեսախցիկն ու փախուստի դիմել:
Նշվում է նաև, որ մինչ լրագրողները ոստիկանությունում ցուցմունք են տվել, ինչ որ մեկը մտել է նրանց ավտոմեքենան և հիշողության քարտի վրայից ջնջել տեսանյութերը:
Այժմ նկարահանող խումբը գտնվում է Մոսկվայում:
Վերջին ժամանակներում հաճախակիացել են ՌԴ-ում լրագրողների վրա հարձակումները:










