ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումով մենք վերջնականապես հրաժեշտ տվեցինք ԽՍՀՄ-ին. Պորոշենկո

09:57 • 18.09.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադա կատարած այցի ժամանակ հանդիպել է տեղի ուկրաինական համայնքին, հայտնում է korrespondent.net-ը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով:

 

Օտտավայում ուկրաինացիների հետ հանդիպմանը նա կանադա-ուկրաինական համայնքին շնորհակալություն է հայտնել անկախ Ուկրաինայի զարգացմանը սատարելու համար, նաև մեկնաբանել Գերագույն ռադայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:

 

Այս առիթով Պորոշենկոն, մասնավորապես, ասել է. «Դա վերջին հրաժեշտն է Խորհրդային Միությանը: Ոչ ոք և ոչինչ մեզ չի խոչընդոտի մեր պետության քաղաքակիրթ զարգացման ճանապարհին»:

 

Խոսելով առաջիկա անելիքի մասին՝ նա ասել է, որ Ուկրաինայում պետք է հաղթահարվի կոռուպցիան, նոր ուկրաինամետ խորհրդարան ընտրվի, իսկ Գերագույն ռադայում «պետք է ազատվել հինգերորդ շարասյունից»:

 

Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում, քանի որ դա իրենց «իսկական պայքարն է հանուն անկախության»:

 

Պորոշենկոյին են փոխանցվել կանադացի երեխաների նկարները, որոնք նրանք արել են Ուկրաինան պաշտպանող զինվորների համար:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 16-ին ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման մասին օրենքը՝ անմիջապես Գերագույն ռադայի կողմից վավերացվելուց հետո: