Հայաստանը կարող է ԵՏՄ-ի և Եվրամիության միջև երկխոսություն վարելու հարթակ դառնալ. քաղաքագետ

20:49 • 18.09.14

«Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև երկխոսություն վարելու հարթակ դառնալ, թեև դա որոշակի նախապայմաններ է պահանջում։

 

«Միշտ էլ արևմուտքի և Մաքսային միության երկրների շահագրգռվածությունը Հայաստանի նկատմամբ ունի տնտեսական բաղադրիչ, սակայն հիմնականում դա պայմանավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով. քանի որ կարևորագույն երկիր է տարածաշրջանում, բոլորն էլ ցանկանում են համագործակցել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Խոսելով Հայաստանի վարած փոխլրացման քաղաքականության մասին՝ քաղաքագետն ասաց, որ դեռ անցած տարի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո, Եվրոպան սկզբնական վրդովմունքից հետո բավականին մեղմել է վերաբերմունքը, ինչը բնական է։

 

Ըստ քաղաքագետի՝ Եվրոպան շատ իրատեսական քաղաքականություն է վարում։ «Ընդհանրապես՝ Եվրոպան արդեն իսկ պատժամիջոցների իր քաղաքականությամբ բավական լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և չի ցանկանա հարաբերությունները սառեցնել Հայաստանի հետ»,-հավելեց նա։