Ի՞նչ կտա Շոտլանդիայի հանրաքվեն Արցախի հարցին. կարծիքներ

14:08 • 18.09.14

Մենք ուշադիր հետևում ենք Շոտլանդիայում տեղի ունեցող գործընթացներին, և կարծում եմ, որ սա շատ մեծ իրադարձություն է ընդհանրապես ազգային ինքնորոշման պատմության մեջ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Շոտլանդիայում այսօր տեղի ունեցող  հանրաքվեին։


ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը հատկանշական է համարում, որ Բրիտանիան և Շոտլանդիան քաղաքակիրթ ձևով են իրենց հարցերը կարգավորում, և Շոտլանդիային ազատ կամարտահայտվելու հնարավորություն է տրվել։


«Մեծ Բրիտանիայի կենտրոնական իշխանությունը որևէ ձևով չի խոչընդոտում հանրաքվեի անցկացումը. անկախ նրանից, որ նրանք Շոտլանդիայի կազմի մեջ մնալու վերաբերյալ փաստարկներ են բերում, դա չի նշանակում, որ ճնշում է գործադրվում։ Այս տեսանկյունից սա շատ կարևոր ձեռքբերում և զարգացում է, և, ընդհանրապես, Բրիտանիան կարող է օրինակ հանդիսանալ»,-ասաց նա։


ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ անկախ Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքից, սա արդեն կարելի է նախադեպ համարել։ Հարցին, թե ի՞նչ կտա նախադեպը ԼՂՀ-ին, Դավիթ Բաբայանը նշեց. «Իհարկե, մենք օգտագործելու ենք այդ նախադեպը, սակայն այստեղ կա մի նրբություն՝ Արցախն արդեն ինքնորոշվել է, մեզ մոտ կա մեր ինքնորոշված, ձևավորած պետության ճանաչման խնդիր»։ 

Նա ասաց, որ այնուամենայնիվ օգտագործելու են այս փաստը՝ հարցերի կարգավորման հիմքում դնելով որպես նախադեպ՝ երկու հիմնական՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև։ 

Դավիթ Բաբայանը նշեց, որ թեև մինչ Շոտլանդիան էլ եղել են բազմաթիվ նախադեպեր, սակայն այս հանրաքվեն իրավական, պատմական, բարոյական տեսանկյունից շատ կարևոր է լինելու։


«Բայց ակնկալել, որ Շոտլանդիայի անկախացումից հետո Արցախը կճանաչվի, բնական է, որ վաղաժամ է։ Մեր ճանաչումը կապված չէ Շոտլանդիայի հետ, անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք ընթանալ մեր անկախ պետականության կերտման և այն միջազգային հանրության կողմից ճանաչելի դարձնելու ճանապարհով»,-ասաց նա։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ևս գտնում է, որ բավականին հետաքրքիր նախադեպ է ձևավորվում, որ արևմտյան հանրությունը՝ հատկապես Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ըստ էության, չեն խոչընդոտում ժողովրդների ազատ կամքի արտահայտման գործընթացին, ինչի արդյունքում Շոտլանդիայի բնակչությունն այսօր հնարավորություն ունի ընտրելու իր ապագան։


«Սա հետաքրքիր քաղաքական գործընթաց է, որը բնականաբար ինչ-որ չափով վերաբերում է նաև բոլոր կոնֆլիկտներին։ Այս տեսակետից այն փորձը, որը կարող ենք ունենալ այսօրվա հանրաքվեի արդյունքում, իհարկե քաղաքական լուրջ գործոն է, որը կարող է ազդել նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Ամեն դեպքում, անկախ հանրաքվեի արդյունքներից, մի բան պարզ է, որ ժողովրդների ինքնորոշումը ընկալելի և ընդունելի երևույթ է, և այն փաստը, որ պաշտոնական Լոնդոնը չի խոչընդոտում այսօրվա հանրաքվեի անցկացմանը, արդեն ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի լիարժեքորեն բոլոր վայրերում»,-ասաց նա։

Քաղաքագետը գտնում է, որ նման գործընթացները փոխում են միջազգային հանրության աշխարհընկալումը և ցանկացած նման կոնֆլիկտ սկսվում է դիտարկվել հենց նոր ստեղծված իրավիճակի լույսի ներքո։


«Ես ավելի քան համոզված եմ, որ իրավական տեսանկյունից Արցախի անկախությունն արդեն իսկ իրականացված գործընթաց է և բանակցությունների տեսանկյունից իրավական կողմը լիարժեքորեն ապահովված է, այսինքն` նախադեպերի անհրաժեշտություն չկա, սակայն կա ընկալումների խնդիր միջազգային հանրությունում և կարծում եմ, որ Շոտլանդիայի հանրաքվեն կնպաստի այդ ընկալումների փոփոխմանը»,-հավելեց։