Շոտլանդիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն
Շոտլանդիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն, հայտնում է France - Presse գործակալությունը:
Ընտրատեղամասերում կարող է քվեարկել ավելի քան 4 մլն մարդ: Դրանք բաց են լինելու Երևանի ժամանակով ժամը 10.00-ից մինչև 01.00-ն:
Հանրաքվեին մեկ հարց է բարձրացված. «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան անկախ երկիր դառնա»: Դրական պատասխանի դեպքում 2016-ի մարտի 24-ին այդ երկիրը կհայտարարի Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին:
Վերջին հարցումների համաձայն՝ հօգուտ անկախության պատրաստ է քվեարկել բնակչության 48% տոկոսը, մինչդեռ 52%-ը դեմ է հանդես գալիս:
Շոտլանդիան Մեծ Բրիտանիա կղզու մեկ երրորդը զբաղեցնող և այլ 790 կղզիներից բաղկացած երկիր է, որը 1707-ից Միացյալ Թագավորության կազմում է: Դեռևս 1320-ին Շոտլանդիան անկախության հռչակագիր է ընդունել, ինչը համարվում է պատմության մեջ առաջին «փաստաթղթային» անկախության հռչակումը: Դրան նախորդել և հաջորդել են տասնամյակների պատերազմներ ու քաղաքացիական պատերազմներ՝ անգլիական տիրապետության դեմ:










