Հանրահավաքը ՀՀԿ-ի համար երբևիցե սպառնալիք չի եղել. Սուքիաս Ավետիսյան
ՀՀ Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերի մասնակցությամբ հոկտեմբերին կայանալիք հանրահավաքը և այլ հանրահավաքներ ևս երբևիցե սպառնալիք չեն եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
««Մարտի 1-ն» այլ բան է, տա Աստված, որ «Մարտի 1-ի» հետ կապված բոլոր խնդիրները հարթվեն: Այն մարդիկ, ովքեր հանրահավաք են անցկացնելու, մինչև վերջ պատասխանատու են դրա համար»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ բոլոր հանրահավաքներն էլ ինքնին մտահոգիչ են, քանի որ հանրահավաքների ժամանակ հնչում են օբյեկտիվ և սուբյեկտիվ դիրքորոշումներ. «Եթե խաղաղ հանրահավաքներ է արվում, խնդիր չկա: Բայց, ցավոք սրտի, մեկ-մեկ որոշ քաղաքական գործիչներ ոգևորվում են՝ տեսնելով մի քանի հարյուր մարդ»:
Ինչ վերաբերում է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության՝ հանրահավաքին չմասնակցելու որոշմանը, Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ապագան ցույց կտա, թե Դաշնակցության հետ ինչ համագործակցություն կլինի:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ՀՀԿ պատգամավորն ավելացրեց. «Մենք հստակ ասում ենք, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել, բայց այն պատճառները, որոնք բերում են ընդդիմադիրները, թե, իբր, հիմա դրա ժամանակը չէ, ինձ համար անհասկանալի են: Ինչի՞ն են դեմ սրանք և ինչո՞ւ ժամանակը չէ, ես ուզում եմ դա հասկանալ: Էդ ո՞ր երկրում է ժողովուրդն ինքը ձեռնարկում սահմանադրական բարեփոխումներ: Իսկ սոցիալական հարցերը բերել կապել սահմանադրական բարեփոխումների հետ նշանակում է, որ տվյալ ուժը հեռատես չէ»:
Սուքիաս Ավետիսյանը նաև հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որպես ղեկավար, դեռևս անելիքներ ունի երկրում:










