Գուգարքում սպանության մեջ կասկածվող անձը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ՀՀ քննչական կոմիտե

18:22 • 19.09.14

2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչ Ա.Աշուղյանի տուն գող է մտել և անհրաժեշտ է օգնություն։ 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, որը տան ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է նույն տան բնակչուհի Հ.Աշուղյանի դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով։ Իսկ վերջինիս եղբորորդին՝ Ր. Աշուղյանը, կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ 

Դեպքի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ 

Քննությամբ և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ապացույցներ են ձեռք բերվել՝ սուր ծակող-կտրող գործիքի միջոցով Աշուղյաններին հարվածներ հասցրած անձի ինքնության վերաբերյալ, ով սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել է Գուգարք գյուղի ավագ դպրոցի նկուղի աստիճաններին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով, և տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն։ 

Վերջինս, ինչպես նաև Ր. Աշուղյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո։ 

Նախաքննությունը շարունակվում է։