Հայաստան է այցելել «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի պատվիրակությունը

17:28 • 19.09.14

Ս. թ. սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով Հայաստան էր այցելել «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի պատվիրակությունը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Այցելության նպատակն էր քննարկել ֆորումի հետ Հայաստանի համագործակցության խորացման խնդիրը:


Սեպտեմբերի 17-ին պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հանդիպել են ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունն սկսվել է 2014 թ. գարնանը: Ֆորումն զգալի աջակցություն է ցուցաբերել Երևանում ս. թ. հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ՊՆ ԱՌՀի-ի կազմակերպած` խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի անցկացմանը:


Սեպտեմբերի 18-ին պատվիրակության անդամները ԱՌՀԻ-ի պետ Հ. Քոթանջյանի և ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են «Զառ» զինավարժարան, որտեղ հանդիպել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ, ներկա գտնվեցին խաղաղապահ բրիգադի վարժանքին:


Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հ. Քոթանջյանն ու ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանը: Դ. Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել է ֆորումի հետ Հայաստանի և, մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության սերտացման հնարավոր ուղիների հարցը: Դ. Տոնոյանը և Աննիկա Հիլդինգ-Նորբերգը շեշտել են համագործակցությունը խորացնելու երկկողմ պատրաստակամությունը: