ՌԴ միգրացիոն ծառայություն ուղարկած դիմումների 15 տոկոսը դրական լուծում է ստացել. Գ. Եգանյան
Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՌԴ միգրացիոն ծառայություն ուղարկած դիմումների 15 տոկոսը դրական լուծում է ստացել, այսինքն ՝ մուտքի արգելանքը հանվել է։
«Դեռևս կան Հայաստանի քաղաքացիներ, որոնց մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն, քանի որ խախտել են երկրի միգրացիոն օրենսդրությունը, ինչի պատճառով հայտնվել են անցանկալի վիճակում»,-ասաց նա։
Գագիկ Եգանյանը նշեց, որ ռուսական կողմը բարի կամք է դրսևորել՝ հնարավորություն տալով դիմել իրենց, ինչը հիմք է, որ նրանք կրկին վերանայեն իրենց ընդունած որոշումը։ Նա հայտնեց, որ երաշխիք չկա, թե վերանայման գործընթացը որքան կտևի և դրակա՞ն, թե՞ բացասական լուծում կստանա, քանի որ կախված է խախտման աստիճանից, բարդությունից։
Գագիկ Եգանյանը հայտնեց, որ իրենք 2500 –ից ավելի արդեն դիմում են ստացել, և ամենօր այդ դիմումների թիվն ավելանում է։










