«Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն ազատ է արձակվել տնային կալանքից
«Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն ազատ է արձակվել տնային կալանքից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` ընկերության աղբյուրին հղումով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 17-ին տնային կալանք էր սահմանվել ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ, ինչը տեղական լրատվամիջոցներն անվանել էին «հարված ռուսաստանյան բիզնես-միջավայրին»:
Կալանքի հետևանքով «Սիստեմայի» արժեթղթերը կտրուկ անկում էին գրանցել՝ ընկնելով մինչև 26,3%. Մոսկվայի բորսայում դրանց գինը տասը րոպեում ընկել էր 20%-ով: Նույն ազդեցությունն էր գրանցվել նաև «Սիստեմայի» դուստր ընկերությունների՝ «ՄՏՍ»-ի ու «Բաշնեֆտի» հարցում՝ համապատասխանաբար բաժնետոմսերը հասցնելով 5,56% և 11,32%-ի:
Ըստ լրատվամիջոցների՝ այս կալանքը, ի թիվս այլնի, առնչվում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, որն իր հերթին կապվում է «Բաշնեֆտի» գործով հետաքննության հետ. այս և այլ ընկերությունների բաժնետոմսերի գնման համար, ըստ նախնական տվյալների, Եվտուշենկովին 500 մլն ԱՄՆ դոլարի «զեղչ» էր տրամադրվել:
Եվտուշենկովը մեղադրվում է փողերի լվացման համար, նրա նկատմամբ տնային կալանք էր սահմանվել մինչև նոյեմբերի 16-ը: Forbes-ը 65-ամյա Եվտուշենկովի կարողությունը գնահատում է 9 մլրդ դոլար, նա 15-րդն է ռուսաստանցի միլիարդատերերի թվում:










