ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

21:34 • 19.09.14

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։

 

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով արտերկրի հայրենակիցների աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական ճակատներում։

 

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված դրական տեղաշարժերը։


Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է հիմնադրամի նվիրատուների կողմից բարձրացված հարցերին։