ՀՀԿ-ն դեմ չէ ՀԱԿ-ի «մատնահետքային» քվեարկություն նախատեսող նախագիծը քննարկելուն

11:21 • 19.09.14

Եթե «Հայ ազգային կոնգրեսը» նայում է առաջ, դրական փոփոխություններ է անում, կարելի է քննարկել նրանց նախագիծը, որը նախատեսում է էլեկտրոնային քվեարկություն՝ ըստ պատգամավորի մատնահետքի, բայց նախագիծը պետք է քննարկել նաև տեխնիկական տեսանկյունից:

Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է էլեկտրոնային քվեարկություն՝ պատգամավորների մատնահետքով՝ այլոց փոխարեն քվեարկությունները բացառելու համար:


«Արդյո՞ք տեխնիկապես հնարավոր է լինելու այդ համակարգը: Եվ պետք է ասեմ նաև հետևյալը՝ ես հասկանում եմ, որ առաջիկայում՝ էդ հանրահավաքներին պատրաստվելու ճանապարհին, պետք է օգտագործվեն թույլատրելի և ոչ թույլատրելի հնարքներ, և մենք նաև նախատեսել էինք, որ նմանատիպ նախագծերով մեր որոշ գործընկերներ հանդես կգան: Բայց պետք է նշեմ, որ իշխանական մեծամասնությունը կարողանում է իր առջև դրված խնդիրը լուծել, այսինքն՝ այն հարցերը, որ կան, 70-72 ձայներով մենք կարողանում ենք ապահովել: Ասեմ ավելին՝ դա արտահայտվում է ոչ միայն թվաքանակով, այլև բովանդակային քննարկման ժամանակ: Հետևաբար, առաջարկություններ ներկայացնելը բացառապես իրենց խնդիրն է»,-նշեց Հովհաննես Սահակյանը:


Նա հավելեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ինքն է հայտարարել «ԱԺ կանոնակարգ օրենքում» որոշակի հարցերի ամբողջական վերանայման մասին, ինչը կարող է արտահայտվել առկա որոշ տեխնիկական խնդիրների վերացմամբ ու դրանում նոր գաղափարների, նոր մոտեցումների ներդրմամբ։


Զուտ տեխնիկական խնդիրներից, օրինակ, կարևորը օրենքի նախագծերի համար գլխադասային հանձնաժողովների աշխատանքի վերանայումն է, քանի որ, ըստ Հովհաննես Սահակյանի, եթե որոշ հանձնաժողովներում անցել են և ԱԺ լիագումար նիստում ընդունվել են 200-ից ավելի օրենքներ, ապա որոշ հանձնաժողովներում դրանք եղել են 3-4-ը: