Հնդիկ հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից Չինաստանի նախագահի անունը սխալ արտասանելու համար
Հնդկական հեռուստաալիքի հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից այն բանի համար, որ սխալ է կարդացել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի անունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հաղորդավարուհին նախագահի անունը՝ Xi, կարդացել է որպես հռոեմական XI թիվը:
Doodarshan հեռուստաալիքից, որի եթերում հնչել է սխալը, հայտնել են, որ դա անթույլատրելի վրիպում է և որ հաղորդավարուհին մի քանի ամսով ազատված է լուրեր հաղորդելուց: Նշվել է նաև, որ հաղորդավարուհին ժամանակավոր էր աշխատանքի ընդունվել:
Հեռուստաընկերության ղեկավարությունն այս առնչությամբ բողոքել է առհասարակ կադրերի որակից: Սակայն ինտերնետում լավատեսական կարծիք է հայտնվել առ այն, որ հաղորդավարուհին գոնե հռոեմական թվերն է իմացել:
Չինաստանի առաջնորդն այս օրերին պաշտոնական այցով Հնդկաստանում էր՝ վարչապետի հետ հանդիպելու:










