Հայ իրավապաշտպանները Կարեն Պետրոսյանի հարցով դիմել են ԵԽ և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեներ

20:31 • 19.09.14

Երեք իրավապաշտպան՝Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և ադրբեջանական զինծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե:Tert.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արթուր Սաքունցը:

 

«Սրանք այն մարմիններն են, որոնք զբաղվում են այդ հարցերով: Չմոռանանք, որ պետությունը, որը միանում է միջազգային կոնվենցիաների, ունի պարտավորություններ, որոնց կատարման վերաբերյալ հաշվետվություն է տալիս» ,-ասաց Արթուր Սաքունցը:

 

Իրավապաշտպաններն իրենց դիմումում կոչ են անում միջազգային կազմակերպություններին՝ գործի անաչառ և լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում հետևողականություն դրսևորել:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»: