Շոտլանդիան դեմ քվեարկեց անկախացմանը (թարմացված)

10:16 • 19.09.14

11.25 Շոտլանդացիները չեն սատարել անկախության գաղափարին: Ըստ նախօրեին անցկացված շրջանի անկախության հարցով հանրաքվեի վերջնական տվյալների՝ 55,3%-ը կամ 2 մլն 1 հազ. 926 մարդ կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Անկախության օգտին քվեարկել է 44,7%-ը (1 մլն 617 հազ. 989 մարդ):

 

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը դեմ է քվեարկել անկախության գաղափարին:


10.16 Շոտլանդիայի կառավարության ղեկավար Ալեքս Սալմոնդն ընդունել է պարտությունը շրջանի անկախության հարցով քվեարկության արդյունքներից հետո: Համաձայն նախնական արդյունքների՝ քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, գրում է France-Presse գործակալությունը:

 

«Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, սակայն մենք ընդունում ենք շոտլանդացի ժողովրդի ընտրությունը։ Ես ցանկանում եմ նշել, որ մարդկանց մեծ թիվ է քվեարկել անկախության օգտին։ Ես ընդունում եմ արդյունքները և խոստանում հետագայում էլ աշխատել կառուցողական հիմքով»,- հայտարարել է Սալմոնդը։

 

Շոտլանդիայում ավարտվել է հանրաքվեի ձայների հաշվարկը, առաջատար են Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կողմնակիցները։ Ներկայում անկախության օգտին քվեարկել է շրջանի բնակիչների 44.5%-ը, դեմ՝ 55.4%-ը։ 32 շրջաններից 2-ը դեռ չեն հայտարարել քվեարկության արդյունքների մասին, սակայն այդ թվերը չեն փոխի հանրաքվեի ընդհանուր արդյունքը։

 

Պաշտոնապես քվեարկության արդյունքները կհայտարարվեն տեղական ժամանակով ժամը 7։00-ին։