Իրաքում եզդիներին օգնելու համար կարծես համահայաստանյան շարժում է սկսվել. Ամո Շարոյան
Իրաքում ցեղասպանության ենթարկվող եզդիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար կարծես համահայաստանյան շարժում է սկսվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը:
«Հայաստանի եզդիներն են արդեն մեծ գումար հավաքել, և այս անգամ ցավը մեզ բոլորիս համախմբել է:Այլազգիներ ևս նվիրատվություններ անում են, բայց առաջին հերթին՝ հայերն են: Կան ռուսներ, գերմանացիներ, գրեթե ամբողջ աշխարհից օգնում են»,-ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ Մոսկվայում և ամբողջ Ռուսաստանով մեկ դրամահավաք է անցկացվում, դեռևս վերջնական չեն հավաքագրել գումարները, բայց մինչև հոկտեմբերի մեկն ամբողջ գումարը կհավաքեն ու կուղարկեն անմիջապես եզդիներին: «Ամբողջ գումարը չեմ կարող ասել՝ ինչքան կլինի, միայն կարող եմ ասել, որ Գերմանիայի եզդիները հավաքել են 4 մլն 400 հազար դոլար, Ռուսաստանի Պետդումայից ազգությամբ եզդի պատգամավորը 1 մլն դոլար է տվել, և ամբողջ Ռուսաստանից արդեն 2 մլն 100 հազար հավաքվել է»,-ասաց Ամո Շարոյանը:
Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, որտեղ եզդիների սրբավայրն է, եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհացի արարողությունը կլինի, որին, ինչպես ՀԿ նախագահը նշեց, կմասնակցեն նաև Իրաքի և Ռուսաստանի եզդի պատգամավորները:










