Վարդան Պետրոսյանի դատական գործով փորձագետի հարցաքննությունն ավարտվեց

18:08 • 19.09.14

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն իր հարցերն ուղղեց վթարի գործով ավտոտեխնիկական փորձագետին:


Փաստաբանը փորձագետ Խորեն Զաքարյանից նախ ճշտեց, թե «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ինչ աստիճան է շրջվել բախման հետևանքով, որին ի պատասխան փորձագետն ասաց, թե շրջվել է մոտ 180 աստիճան:


«Դա նշանակո՞ւմ է, որ «Նիվան» շրջվելու հետևանքով կանգնել է իր կանգնած դիրքին հակառակ ուղղությամբ»,- փորձագետին հարց ուղղեց պաշտպանը: Պատասխանելով հարցին՝ փորձագետ Խորեն Զաքարյանը ցույց տալով վթարի մակետի մեքենաները՝ Նիկոլայ Բաղդասարյանին ասաց. «Դուք մեքենան շրջում եք տեղում, բայց տեղաշարժ չեք տալիս դրան»:


Վարդան Պետրոսյանի պաշտպանը, սակայն, համարեց, որ փորձագետն իր հարցին չի պատասխանել:


Փաստաբանը նախ հիշեցրեց, որ փորձաքննությունը սկսվել է նոյեմբերի 4-ին, ապա նոյեմբերի 5-ին կասեցվել, իսկ որպեսզի փորձագետին տրամադրվեն ելակետային տվյալներ, հետո նոյեմբերի 6-ի երեկոյան արդեն փորձաքննությունն ավարտվել է, 7-ին արդեն պատրաստ է եղել փորձագիտական եզրակացությունը:


Նիկոլայ Բաղդասարյանն անհավանական համարեց այն, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, քննչական գործողությունն ավարտվել է, նոյեմբերի 7-ին արդեն եզրակացությունը ներկայացվել է նախաքննական մարմնին:


Հակադարձելով նրան, փորձագետն ասաց, որ 4 լիարժեք օրվա ընթացքում 2 փորձագետ կարող էին ավելին անել: Արձագանքելով նրան, պաշտպանն ասաց, որ փորձագետները ելակետային տվյալներ նախապես չեն ունեցել: «Եթե դուք տվյալ չեք ունեցել վթարի մեխանիզմի խոչընդոտների վերաբերյալ, ինչպե՞ս եք փորձաքննություն կատարել»,- հարց հնչեցրեց փաստաբանը, ինչին ի պատասխան փորձագետն ասաց. «Հո չէի՞նք սպասելու ու ոչինչ չանեինք»:


Հարցաքննության ընթացքում Բաղդասարյանը հարց հնչեցրեց, թե արդյոք «Նիվա» մակնիշի մեքենայում թույլատրելիից շատ անձանց քանակությունը կխոչընդոտեր, որպեսզի «Նիվայի» վարորդը չտեսներ իր ետևից եկող մեքենան: Դատավորը հանեց հարցը՝ նշելով, որ նախաքննական մարմինը փորձագետին նման հարց առաջադրած չի եղել:


Բաղդասարյանի հարցին տեղից արձագանքեց մահացած երեխաներից մեկի մայրը. ««Նիվան» չտեսավ հետևը, թող ինքը դիմացը տեսներ, ինքն էլ հո՞ մենակ էր»:


Փորձագետի հարցաքննությունն ավարտվեց: