Եռյակն ակտիվ արշավ է անցկացնելու՝ ժողովրդին միավորելու նպատակով. Լ. Զուրաբյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում արդեն եռյակը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն» խմբակցություններն այսօր փակ նիստ էին հրավիրել։ Նիստից հետո «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկել են մարզային հանդիպումներին և հանրահավաքին առնչվող հարցեր։
«ՀՀ 8 քաղաքում շատ լուրջ մարզային հանրահավաքներ կանցկացնենք: Ստեղծվել են եռակողմ համատեղ կառույցներ, որոնք պետք է նախապատրաստեն հավաքները և իրազեկեն հանրահավաքի մասին»,- նշեց Զուրաբյանը և հավելեց, որ շատ ակտիվ արշավ պետք է անցկացնեն, որպեսզի ժողովուրդը միավորվի:
«Այս հանրահավաքը կդառնա շրջադարձային կետ Հայաստանի քաղաքական գործընթացների համար: Այս ամբողջ գործընթացը թափով գնում է առաջ, մենք լիակատար փոխըմբռնում ունենք, և լցված ենք հույսով, որ սկսված գործը լավ ավարտ է ունենալու»,-ընդգծեց Զուրաբյանը:
Զուրաբյանը նշեց, թե հանրահավաքին կուսակցությունների առաջնորդների մասնակցության հարցը չեն քննարկել: «Օրակարգը կապված է Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու, ժողովրդավարացման և մի գործընթաց սկսելու, որը պետք է ավարտվի հայ ժողովրդին արժանի իշխանության ձևավորմամբ: Պետք է լինի մի իշխանություն, որը կվայելի ժողովրդի վստահությունը և որն այս ամենն ունենալով` կարող է մեծ գործեր անել Հայաստանի զարգացման ուղղությամբ. մեր պահանջները ձևավորվելու են` ելնելով այս հենակետից»,- ասաց Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ 3 կուսակցությունների մեջ լուրջ փոխըմբռնման մթնոլորտ է ձևավորվել, ավելին` անգամ զարմացած է, թե որքան հեշտ են կարողանում հասնել փոխըմբռնման:
«Վստահ եմ, որ սկսվել է մի գործընթաց, որը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, գործընթաց, որը ոչ թե ՀԱԿ-ինը, ԲՀԿ-ինն է, այլ ամբողջ հայ ժողովրդինն է դառնալու»,- նշեց Զուրաբյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է մինչև հանրահավաքը կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպում լինի, Զուրաբյանը պատասխանեց, որ այս պահին նման հարց չկա, քանի որ այն, ինչ անում են իրենք, կուսակցությունների առաջնորդների գիտությամբ են անում:










