Արգելվում է անկախությունը քննարկել որպես լավ, թե վատ արժեք, այն անքննելի է. Արամ Մանուկյան
Արգելվում է անկախությունը քննարկել որպես լավ, թե վատ արժեք, այն քննելի արժեք չէ. այսօր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն հորդորեց անկախության հռչակագիրը հայտարարած ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Լավ է, թե վատ էր, ամոթ է նման հարց տալը, թե լա՞վ էր, որ անկախացանք կամ թե ի՞նչ տվեց մեզ անկախությունը, անկախությունից մենք օգուտ քաղեցի՞նք, թե՞ վնաս, ուղղակի ամոթ է: Այս արժեքը բնական արժեք է, որը կաթի հետ պետք է գա, ինչպես հայրենիքի սիրելը չեն դաստիարակում, նույնն էլ երկրի անկախություն սիրելը պետք է լինի: Ցավոք, երբ ուսուցիչը, պատգամավորը կամ նախարարը չի հասկանում այդ արժեքը, իսկ դա ստրուկի հոգեբանություն է, երբ ապահովություն է փնտրում անարժանապատվության մեջ, ստացվում է այսպիսի բան»,-նշեց նա ։
Արամ Մանուկյանը նկատեց, թե իրեն հաճախ են ասում, թե Հայաստանը հեշտությամբ ձեռք բերեց անկախությունը, քանի որ սովետը փլուզվեց ու հեշտությամբ անկախացանք, մինչդեռ ըստ նրա՝ իրականում այդպես չէր: «Հայաստանը գնաց ամենաքիչ կորուստների ճանապարհով՝ Սովետական Միության օրենքներին համապատասխան: Ձեռք բերեցինք ամենալեգիտիմ ու հանդարտ կազմակերպված անկախությունը, գնացինք այդ օրենքներով վեց ամիս ուշ, բայց դա տվեց ամբողջ ժողովրդով անկախություն ձևակերպելու ձևը և բարձր լեգիտիմություն տվեց մեր անկախությանը: Ոչ մի այլ ժողովուրդ նման ձևով չարեց: Բալթյան երկրները հարցումներ արեց, իսկ մենք արեցինք համաժողովրդական հանրաքվե, որը ամենաբարձր արժեքն ունի»,- ասա նա:
Հիմնական ձեռքբերումն ըստ նրա՝ բարոյական արժեքն է, երբ հայը հասկացավ, որ երկրի տերն է։ «Վանո Սիրադեղյանն ասում էր, որ անկախության ճանապարհին մի քայլ կա, որ զգաս, որ երկրի տերն ես մնացածն ինքն իրեն կգա: Եկած այս ավիրողները ոչնչացրին այդ հոգեբանությունը: Ամենամեծը այս հոգեբանության վերացումն է, բոլորը Ցեղասպանությամբ են զբաղված, այն պահին, երբ Հայաստանում է տեղի ունենում ցեղասպանություն»,- նշեց նա։ Ըստ Մանուկյանի անկախությունն էլ ուսուցման գործ է, մինչդեռ պետականորեն դա չեն ուսուցում ըստ արժանվույն։
Արամ Մանուկյանը ավելի քան հույս ունի, որ սկսվում է նոր շարժում, որի միջոցով կփորձեն վերգտնել ազգային արժանապատվությունը։ «Ես փառք եմ տալիս, որ անկախություն քվեարկած սերունդը դեռ կա, որն էլ տեր է կանգնելու անկախությանը, ցավալիորեն դժվարությամբ կբերենք այն վիճակին, որ մարդը կսիրի իր անկախությունը, մենք կփորձենք մարդու հոգեբանությունը բերել 1991թ-ի ազատ հոգեբանությանը»,- նշեց նա:










