«Մեր կինոն». «Տերը». ոչ միայն Ծմակուտի, այլև՝ իր երկրի պահապանը (բացառիկ լուսանկարներ, տեսանյութ) Life.panorama.am
Life.panorama.am-ն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում «Մեր կինոն» խորագրով շարքը, որի շրջանակներում անդրադառնում է հայկական ֆիլմերի ստեղծման պատմությանը, դրանց առանձնահատկություններին:
Երբ «Աշնան արև» ֆիլմի պրեմիերայից որոշ ժամանակ անց վիպակի հեղինակ Հրանտ Մաթևոսյանն ու ֆիլմի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը, վերջապես, հաշտվեցին, արձակագիրը խոստացավ, որ նրա հաջորդ ֆիլմի համար օրիգինալ սցենար կգրի: «Աշնան արևի» թողարկումից հետո կտրուկ փոխվել էր նաև ահնիձորցիների վերաբերմունքը այդօրինակ ֆիլմերի նկատմամբ: Եթե նախկինում նրանք, դիտելով «Մենք ենք, մեր սարերը», ասել էին. «Հրանտը մեզ ծաղրում է» և հենց դա էր պատճառը, որ գրողը չէր ուզում՝ իր գյուղում ֆիլմ նկարահանվի ու գժտվել էր ռեժիսորի հետ, «Տերը» ֆիլմի ժամանակ, արդեն, ահնիձորցիները հասկացել էին, որ մարդիկ նաև կինոներով են իրենց գյուղը ճանաչում:
Ռեժիսորի կինը՝ դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով «Տերը» ֆիլմում Ռոստոմի կնոջ դերակատարուհին էր, նշում է, որ Մեր կինոյում դա միակ դերն է, որ իր հատուկ իր համար է գրվել, որը նախատեսված էր ի սկզբանե, իսկ քասթինգ չի եղել:
Հետաքրքիր է, որ ինչպես «Աշնան արևի» դեպքում, «Տերը» ֆիլմի գլխավոր հերոսները ևս ունեցել են իրենց նախատիպերը. «Նրանք ապրում էին Ահնիձորում, այդ անտառապահին իրականում էլ գտել էին անտառից, նրա կինը բուժքույր էր, երեխա չունեին: Այդ մարդիկ գիտեին, որ իրենց մասին ֆիլմ էր նկարահանվում, և շատ ջերմ էին վերաբերվում մեզ»,- հիշեց Ռոստոմի կնոջ դերակատարուհին:
Դերասան Աշոտ Ադամյանը, ով ֆիլմում վարորդի դեր էր խաղում, շատ է արժևորում ռեժիսորի՝ ճիշտ պահին ճիշտ թեմա ընտրելու կարողությունը. «Ֆիլմը թույլ է տալիս, որ մարդիկ էլ ավելի հաղորդակցվեն Մաթևոսյանի գրականության հետ»:
Դերասանը հիշում է, թե իր կերտած կերպարին ինչ լրջորեն էր մոտենում ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ռոստոմի դերակատարը՝ Խորեն Աբրահամյանը. «Նա հստակ գիտակցում էր, որ ինքը խոսում էր երկրի տեր լինելու մասին: Հիշում եմ, թե նա ինչ թրթիռ ուներ այդ տիրոջ զգացողության նկատմամբ, երեխայի նման փայփայում էր իր դերը: Մեր զրույցների ընթացքում նա անդրադառնում էր երկրի, դրա փլուզման վտանգի և երկիրն այդ փլուզումից փրկելու մեր պարտավորությանը»,-ընդգծեց դերասանը:
Շարունակությունը՝ այստեղ։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










