Իրական անկախությունը կլինի այն ժամանակ, երբ մենք վերականգնենք Հայոց ազգային պետականությունը. ազատամարտիկ

13:01 • 20.09.14

Հայաստանում անկախությունն այսօր փաստացի գոյություն չունի: Իրական անկախությունը կլինի այն ժամանակ, երբ վերականգնվի Հայոց ազգային պետականությունը: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը՝ խոսելով ՀՀ 23-ամյա անկախության ձեռքբերումների և թերությունների մասին:


«Ձեռքբերումների նկատմամբ ես մի փոքր ռեգրեսիվ գնահատական կտամ: Արցախի առումով մենք դեռ ամբողջովին չենք հաղթանակել: Օրինակ բերեմ, տաքսու վարորդին հարց եմ տալիս, թե արդյոք ապրում է անկախ պետությունում, ասում է՝ ոչ: Իհարկե, անկախ չենք»,-ասաց նա և ավելացրեց. «Մենք կանգնած ենք ծայրահեղ բնաջնջման եզրին: Այսօր Պուտինն ասում ՝ Հայաստանը Ռուսաստանում է»:


Ազատամարտիկի վստահեցմամբ՝ այսօր միակ ելքը Հայոց պետականության վերականգնումն է:


«Հայերի միաբանության շարժման» ղեկավար Լևոն Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Արցախյան պատերազմում հաղթեց հայը, ոչ թե պետականությունը: «Եթե այսօրվա իշխանավորը սուվերեն պետություն չունի, չի ղեկավարում, էլ ի՞նչ կապ կարող է ունենալ անկախության հետ»,- ասաց նա:


Վերջինս նաև հայտարարեց, որ եթե անգամ այսօրվա իշխանությունն ուզենա լավացնել երկրում տիրող իրավիճակը, հնարավոր չէ, քանի որ խորհրդային տարիներից մնացած բոլոր գործարանները քանդվել են: «Մեր պետականությունը վաճառել են»,- ասաց նա: