Կոտ դ'Իվուարում Էբոլայի պատճառով մարդիկ զանգվածաբար հրաժարվում են «ընտանի» կենդանիներից
Կոտ դ'Իվուարի բնակիչները մտավախություն ունենալով, որ Էբոլա վիրուսը կարող են տարածել ընտանի կենդանիները, տնից դուրս են հանում նրանց:
Աֆրիկյան այս երկրում բավականին տարածված է վայրի կենդանիներին որպես ընտանի կենդանի պահելու ավանդույթը, սակայն Էբոլա համաճարակի պատճառով այս սովորույթը վերանում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` AFP-ին հղումով:
Ներկա դրությամբ Էբոլա վարակը Լիբերիայում և Գվինեայում խլել է ավելի է քան 1.500 մարդու կյանք: Չնայած նրան, որ Կոտ դ'Իվուարում Էբոլայով վարակի դեպքեր դեռ չեն գրանցվել, բնակչությունը, այնուամենայնիվ, խուճապի է մատնվել:
Շատ մարդիկ, ովքեր կապիկներ են պահում որպես ընտանի կենդանիներ, հրաժարվում են նրանցից, շատ անգամ՝ հարևանների ճնշումների և հորդորների ներքո:
Աբիջան քաղաքի կենդանաբանական այգին իր մոտ է վերցնում լքված կենդանիներին: Շատ կապիկներ, սակայն, կարոտում են իրենց տերերին և ուշադրություն են պահանջում:
Ըստ կենդանաբանական այգու անասնաբույժի՝ մարդիկ, տեսնելով հիվանդ թվացող կենդանու, խուճապահար են լինում: Կենդանաբանական այգին լի է կապիկներով, և նրանք արդեն չեն կարողանում ապաստան տալ անօթևան կենդանիներին:










