Անկախության ամենամեծ ձեռքբերումը հայկական երկու պետությունների անկախացումն ու հաստատումն էր. Էդիկ Մինասյան

12:21 • 20.09.14

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանի 23-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումը հայկական երկու հանրապետությունների անկախացումն ու հաստատումն էր:


«Իսկապես անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի բաղձալի պատմությունն է, այդպես եղավ նաև մեր ժողովրդի հետ: Ամենամեծ ձեռքբերումներից է նաև մեր ազգային բանակի կայացումը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ ավելացնելով, որ անկախ պետության գոյությունն ամենամեծ նվաճումն է, ու թեև կարող է նշել բացթողումներ, բայց դրանք ժամանակի ընթացքում լուծվող խնդիրներ են:


Մինասյանի խոսքով՝ ձեռքբերումները թերությունների հետ դեռևս համահունչ չեն: Բայց իբրև անկախ պետականության արժեք, պետք է գնահատել այն. «Մենք պետք է տարբերենք անկախության արժեքը կենցաղային խնդիրներից: Ինչ խոսք, թերություններ կան, բայց դրանք հնարավոր է ժամանակի ընթացքում շտկել: Իսկ այդ թերություններով անտեսել անկախությունը, ես դա ճիշտ չեմ համարում»:


Ամեն ժողովուրդ էլ կորուստներ ունեցել է անկախության ձեռքբերման ճանապարհին, բայց, ինչպես պատմաբանը նշեց, մի կողմ քաշվել և ասել, որ դա միայն պետական իշխանության գործն է, սխալ է: