Անկախության արժեքը երևի 50 տարի հետո կհասկանանք. Երվանդ Մանարյան

22:41 • 20.09.14

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը գտնում է, որ անկախության արժեքը պետք եղած ձևով երևի 50 տարի հետո կհասկանանք։ «Սա պատմության ընթացք է, բարդ և դժվար ընթացք, որովհետև պատմություն կերտողը մարդիկ են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մանարյանը։

 


«Պարզապես պետք է ազնվորեն աշխատել և ոչ մեկին չխաբել։ Այն, ինչ մենք ցանկանում ենք ունենաl, պահանջում է ծանր գործընթաց, և մենք շատ դժվարություններ ենք քաշելու, մինչև դառնանք իսկական գործոն»,-ասաց նա։
Երվանդ Մանարյանը նշեց, որ մեր պետականությունը դեռ երիտասարդ է։ «Պետականությունը հզոր բան է, որի վրա մեր ապագան է կառուցվում։ Անփորձ երիտասարդի ուսերին որքա՞ն բան կարող ես դնել։ Պետք է այս բաները հաշվի առնել»,-նշեց նա։

 


Ըստ Երվանդ Մանարյանի՝ գլխավորն ազնիվ լինելն է։ «Եթե երկիրը թողնում, հեռանում ենք և դրսից հրահանգներ ենք տալիս, թե երկրի ներսում ինչպես պետք է ապրել, որ լավ լինի, դա արդեն ազնիվ չի»,-հավելեց նա։