Արամ Ա-ի հայտարարությունը Ցեղասպանության հարցն իրավական դաշտ տեղափոխելու առաջին քայլերից է. Էդիկ Մինասյան
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունը, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը համարում է Ցեղասպանության հարցն իրավական դաշտ տեղափոխելու առաջին քայլերից մեկը:
«Կաթողիկոսի ելույթn ընդունում եմ այն տեսանկյունից, որ մենք պահանջատեր պետք է լինենք մեր իրավունքների, այդ թվում նաև` Արևմտյան Հայաստանում գտնվող մեր ունեցվածքի և կալվածքների հանդեպ: Այս ուղղությամբ աշխատանք է պետք տանել: Իրավական տեսանկյունից հարցի լուծումը խիստ կարևոր է այսօր, մենք չպետք է սահմանափակվենք միայն քարոզչությամբ, խոսելով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ պետք է փաստաթղթերով մտնել միջազգային դատարան, իրավունքները պաշտպանել:
Էդիկ Մինասյանի խոսքով՝ եկեղեցին ունի սեփականատիրական բոլոր իրավունքները, որպեսզի հավաքի այդ փաստաթղթերը, դատարան դիմի, քանի որ դա հայ ժողովրդի սեփականությունն է: Այդ հարցերի բարձրացումը, միանշանակ, պետք է. «Նույնիսկ եթե դատարանը հակառակ որոշում կայացնի, էլի կզգացվի, որ մենք պահանջատեր ենք այսօր»:
Նա նաև հիշեցրեց, որ տարբեր հարթակներում Թուրքիայի նախագահի հայտարարություններում երևում է, որ ժխտողականությունն են դարձրել իրենց քաղաքականությունը, բայց Թուրքիայի հասարակության մի մասն արդեն տեղյակ է իրականությանը:
«Այն, որ Հայոց պետությունը պետք է վճռականորեն այդ հարցը բարձրացնի, դա որոշ խնդիրների առումով կարող է շատ ակտիվ չլինել, բայց եկեղեցին իրավունք ունի դա պահանջելու»,-ասաց պատմաբանը և վստահեցրեց, որ իրավական հարթության վրա, անշուշտ, հաջողություններ կլինեն:










