«Թռչնասերների կենտրոնը» աղմկահարույց բացահայտումներ է խոստանում մասնավոր կենդանաբանական այգու վերաբերյալ

14:15 • 21.09.14

«Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպությունը օլիգարխների մոտ գտնվող վայրի կենդանիների՝ առյուծների, արջերի ճակատագրի վերաբերյալ նամակ է գրել ՀՀ բնապահպանության նախարարին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ սպասում են նախարարի արձագանքին:


«Մենք խմբի մեջ ենք, որը կոչվում է «Պահպանենք անազատության մեջ գտնվող կենդանիներին»: Ու իրենք են մեծ մասամբ աշխատում այս ամեն ինչի վրա, ինֆորմացիա են հավաքում, համագործակցում են լրագրողների հետ: Մենք ինֆորմացիա ունենք, հիմա չեմ կարող չակերտները բացել, սպասում ենք լրագրողական հետաքննությանը և շուտով կստանանք այն, որը վերաբերում է շատ մեծ մասնավոր կենդանաբանական այգու»,- ասաց Սիլվա Ադամյանը:

 

Հիշեցնենք, որ մամուլում վերջերս հաճախ է գրվում այն մասին, որ հայաստանյան օլիգարխներն իրենց առանձնատներում անազատության մեջ պահում են տարբեր վայրի կենդանիների։

 

Սիլվա Ադամյանը հավելեց, որ այս առումով հայաստանյան օրենսդրական դաշտը բաց է: «Եվ ոչ մի օլիգարխ, ոչ մի մեծահարուստ, դեռևս ոչ մի օրինական դիմումով չի դիմել Բնապահպանության նախարարություն՝ ստեղծելու համար նման վանդակներ, պայմաններ, որտեղ կարելի է վայրի կենդանիներ պահել: Նախարարը մեզ պատասխանել է, որ դաշտն ամբողջությամբ բաց է: Ոչ մի բան չունենք այդ առումով»,- ասաց Սիլվա Ադամյանը:

 

Հիշեցնենք, որ «Փրկենք գայլերին» նախաձեռնությունն էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին նամակ է գրել և անհանգստություն հայտնել գայլերի թվի աճը պակասեցնելու՝ Կառավարության որոշման համար, որով նախատեսվում է, որ այդ ճանապարհով պետք է ոչնչացվի 300 գայլ: