ՀՀ քաղաքացիները գնահատում են իրենց անկախությունը. մշակութային մարդաբան
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե մեր քաղաքացիները գնահատո՞ւմ են, այն, որ մենք ազատ, անկախ ենք, նկատեց, որ, այո, շարքային քաղաքացին երջանիկ է նրանով, որ Հայաստանն անկախ պետություն է: «Որքանով ունեմ հասարակության տարբեր խավերի կարծիքի հետ առնչվելու փորձ, կարծում եմ, որ, այո, և անկախությունն արժեք է մեր ժողովրդի մեծամասնության համար»,– ասում է նա:
- Չե՞ք կարծում, որ ժամանակակից աշխարհը ապրում է պրագմատիզմի ինչ-որ մի դարում, անկախությունները չունեն այն արժեքը, որը նրանց վերագրվում է: Օրինակ՝ Շոտլանդիան չօգտագործեց իր պատմական պահը, ու «ոչ» ասաց իր անկախությանը: Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ մեր ՀՀ շարքային քաղաքացին երջանիկ է, որ ինքն ապրում է ազատ, անկախ Հայաստանում՝ 600 տարուց ավելի անկախություն չունենալուց հետո:
-Որքանով ունեմ հասարակության տարբեր խավերի կարծիքի հետ առնչվելու փորձ, կարծում եմ, որ, այո, և անկախությունն արժեք է մեր ժողովրդի մեծամասնության համար:
-Դա ինչպե՞ս է արտահայտվում:
- Դա արտահայտվում է մարդկանց կարծիքներով, սկսած 90–ականների սկզբից մինչ օրս: Մարդիկ շատ ավելի հակված են գնահատելու իրենց անկախությունը, քան թե կցանկանային կորցնել այն: Սա շատ պարզ է ու նույնիսկ քննարկման ենթակա չէ: Հնարավոր է շատ ինչ-որ աննշան խավերում ու շերտերում լինեն կարծիքներ, որոնք քննադատում են մեր անկախանալու շրջանը, բայց ամենևին չի նշանակում, որ մարդիկ դեմ են անկախությանը: Մարդիկ պարզապես իրենց քննադատական մոտեցումներում դժգոհ են իշխանություններից, ոչ թե Հայաստանի անկախությունից:
- Այսօր նշում ենք Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը: Ըստ Ձեզ՝ կորուստնե՞ր, թե ձեռքբերումներ ենք ունեցել այս ճանապարհին։
- Անկախությունն արդեն իսկ ձեռքբերում է, իսկ դրանում ինչ-որ բացասական հատկանիշներ տեսնելը կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ: Ուրիշ բան, որ անկախությունից հետո տարիները, սխալները և այն քայլերը , որ պետք արվեին մեր պետականությունն ավելի հաստատուն և կայուն դարձնելու համար, գուցե պետք է ավելի արդարացված լինեին:
- Այսուհանդերձ, մեր մամուլը գրեթե ամեն օր գրում է, որ մենք արտաքին քաղաքական ասպարեզում այստեղ ենք զիջում, այնտեղ: Հիմա այդ անկախությունն իրակա՞ն, թե թղթի վրա գրված ինչ-որ բան է, ինչպես պնդում են արմատական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և վերլուծաբաններ: Ուզում եմ հիշեցնել, որ օրինակ՝ նման տրամադրությունները Հայաստանում խորացան Դմիտրի Կիսելյովի՝ Հայաստանում արված հայտնի հայտարարություններից հետո: Մեր պաշտոնյաներն էլ մեկ-մեկ անկեղծանում են ու ասում են՝ որտե՞ղ եք տեսել բացարձակ անկախություն:
-Այն, որ Ռուսաստանը վերջին տարիներին փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին այսպես ասենք՝ ազդեցության տակ գտնվող տարածքների ու պետությունների վրա, որոնց թվում է նաև Հայաստանը, դա Ռուսաստանի ձգտումներն են, և, բնականաբար, դրանում կա կան ծանր և ոչ ցանկալի հետևանքներ Հայաստանի համար: Բայց դա որևէ կերպ չի մթագնում մեր անկախության ձեռքբերման արժեքը և, հակառակը, կարծում եմ, մենք խնդիր ունենք այս ամեն ինչից դասեր քաղելու և հասկանալու, թե ինչ պետք է անել, որպեսզի նման փոփոխությունները չազդեն մեր անկախության վրա: Անկախության, անկախ պետականություն ունենալու փորձառության պակաս ունենք, ինչպես նաև ունենք այդ անկախությունն ամրապնդելու և Հայաստանը լիովին ինքնորոշված պետություն ձևավորելու փորձառության պակաս: Նորից եմ կրկնում՝ մենք երկար հարյուրամյակներ չենք ունեցել այդ փորձը:
-Այսուհանդերձ, այնպիսի տպավորություն չէ՞, որ միայն, երբ մեր մարզիկները մարզական հաղթանակների ու հաջողությունների ժամանակ հպարտությամբ ծածանում են Հայաստանի դրոշը, մենք միայն այդ ժամանակ ենք լիարժեք ուրախանում մեր անկախությամբ:
- Այդ խնդիրը չէի տարածի ողջ հասարակության վրա, որովհետև հասարակության մեջ շատ տարբեր շերտեր ունենք և կան նաև խնդրին տարբեր մոտեցումներ: Մեր հասարակության մեջ կան որոշ խավեր, շերտեր, որոնք, կարծեք թե ավելի հակված են Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում ավելի ու ավելի ուժեղ տեսնելու, ինչպես նաև՝ Հայաստանի՝ Ռուսաստանից այս խորացող կախվածությունը:
-Դրանից առաջ էլ, երբ մենք երեք, հինգ տարի շարունակ գնում էինք դեպի ԵՄ ասոցացում, կային քաղաքական ուժեր, որոնք ուզում էին տեսնել այդ նույն կախվածությունը Արևմուտքից: Այսինքն՝ այստեղ հարցը Ռուսաստանը չէ, այլ տվյալ պահի արտաքին քաղաքական այսպես ասենք՝ կոնյուկտուրան:
-Բայց Հայաստանի անկախության նկատմամբ ոտնձգություններ հիմնականում իրականացնում է Ռուսաստանը: Այսինքն՝ չկա որևէ մեկ այլ պետություն, որը փորձում է Հայաստանում վերահաստատել գաղութատիրական ներկայությունը, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցության խնդրին, ապա այդտեղ ավելի շատ երկրների համագործակցության ու ինտեգրման խնդիր է, քան որևէ երկրի ազդեցության տակ ընկնելու և անկախությունը վտանգելու խնդիր: Կարող եմ իբրև օրինակ բերել Վրաստանը, որն ասոցացվեց ԵՄ-ին, բայց դա իրենց անկախությանը որևէ վտանգ չի ներկայացնում: Բայց նույն այդ Վրաստանը բավականին ցավոտ էր մոտենում Ռուսաստանի կողմից իր վրա ունեցած ազդեցության վերականգնմանն ուղղված քայլերին: Այնպես որ, Ռուսաստանի և Եվրոպայի մոտեցումները շատ տարբեր են:
- Օրինակ՝ մամուլում օրերս կարդում եմ հետևյալ նախադասությունը.«Ռուսաստանը դատարկել է Արմավիրի մարզը», որտեղ արական սեռի ամբողջ բնակչությունը … և այլն: Սրանում անկախության հետ կապված խնդիր տեսնո՞ւմ եք և արդյո՞ք դրանում մեղավոր է Ռուսաստանը: Օբյեկտիվորեն:
- Երբ խոսքը վերաբերում է միգրացիոն խնդիրներին, Ռուսաստանի վերաբերյալ նման ձևակերպումներին ես այնքան էլ համամիտ չեմ, որովհետև այստեղ խնդիրն ավելի շատ իշխանությունների ու երկրի կառավարմանն ուղղված թերություններին է վերաբերում: Որովհետև մարդիկ հեռանում են կյանքի նպաստավոր պայմաններ գտնելու ձգտումով և դա չեմ համարում Ռուսաստանի կողմից հատուկ ինչ-որ մի քայլ՝ Հայաստանը դատարկելու, կամ՝ Արմավիրը մարզը: Դա մեր խնդիրն է, կրկնում եմ:
- 1991 թվականին, երբ Հայաստանը «այո» էր ասում իր անկախությանը, մարդիկ գիտակցո՞ւմ էին, որ դժվար է լինելու:
- Դեմ եմ հասարակության տրամադրությունների մասին ընդհանրացված դատողություններ անելուն, քանի որ այն շատ բազմազան է: Կային 91-ին մարդիկ, որոնք հստակորեն գիտակցում էին, թե ինչ բան է աղքատությունը, կային շերտեր, որ այն պարզապես էմոցիոնալ ինչ-որ էյֆորիայի մեջ էին դա ընդունում: Բայց ընդհանուր այն, ինչ տեղի ունեցավ 91-ին, ես համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ անկախությունը պարզապես մանանայի պես երկնքից իջավ մեր գլխին և մենք չգիտեինք, ինչ անել դրա հետ: Անկախությանը մենք ձգտել ենք, անկախությանը մենք ձգտել էինք 88-ից: Այլ բան է, որ որպես հասարակություն, այդքան էլ լավ չէինք պատկերացնում անկախ պետականության ապագային վերաբերող խնդիրները:










