Անկախության տոնի միջոցառմանը ոչ իշխանական քառյակից ներկա չէր միայն ՀԱԿ-ը
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված տոնական միջոցառմանը ոչ իշխանական խորհրդարանական քառյակից ներկա չէին միայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորները:
Միջոցառմանը ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գուրգեն Արսենյանը, «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունից` Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը:
Արմեն Ռուստամյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե իրենց ներկայությունը իշխանության կազմակերպած միջոցառմանը, ավելի չի՞ խորացնի ՀՅԴ-ի նկատմամբ մեղադրանքները ոչ իշխանական քառյակի հետ անհամաձայնություններ ունենալուց հետո՝ կապված հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքին մասնակցել հրաժարվելուց հետո, պատասխանեց. «23 տարի մենք այստեղ ներկա ենք եղել: Միայն երեք տարի ներկա չենք եղել, այն էլ` բանտարկված ենք եղել»:










