Լոնդոնն իր խոստումներով խաբել է Մեծ Բրիտանիայի միասնության կողմնակիցներին. Շոտլանդիայի վարչապետ

17:41 • 21.09.14

Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունից երկրի անկախանալուն դեմ քվեարկած մարդիկ խաբվել են շոտլանդական խորհրդարանին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու մասին Լոնդոնի խոստումներով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Նրա խոսքով՝ անկախությանը դեմ քվեարկած մարդիկ վիրավորված են, որ Մեծ Բրիտանիայի առաջատար երեք քաղաքական կուսակցությունների առաջնորդները՝ Դևիդ Քեմերոնը, Նիկ Քլեգը և Էդ Միլիբենդը, ովքեր նոր լիազորություններ են խոստացել Շոտլանդիայի խորհրդարանին, այժմ հրաժարվել են դրանցից:

 

Սալմոնդը հավելել է, որ Քեմերոնի և Միլիբենդի միջև որոշ տարաձայնություններ կան՝ լիազորությունները փոխանցելու ժամանակացույցի վերաբերյալ:


Միևնույն ժամանակ «Mail on Sunday» շաբաթաթերթն այսօր հրապարակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հեղինակային հոդվածը, որտեղ ասվում է, որ Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ տրամադրող օրինագիծը կհայտնվի հաջորդ տարվա հունվարին: