Անչափ հաճելի է, որ չես մոռացվում. մեդալակիրները` ՀՀ Նախագահի պարգևի մասին

19:07 • 21.09.14

ՀՀ Նախագահի կողմից անկախության տոնի առիթով պարգևատրվել են տարբեր բնագավառի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մարզիկներ, դերասաններ, երգիչներ, լրագրողներ:
Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով վերջերս է նվաճել ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը, ստացել է Հայրենիքին մատուցած ծառայությունների առաջին աստիճանի մեդալ:
«Անչափ հաճելի է, որ դու միշտ իմանաս, որ չես մոռացվել, որովհետև երբ հաղթանակած գալիս ես, առաջին օրերին բոլորը շնորհավորում են, իսկ հետո քեզ թվում է, թե բոլորը մոռացան: Առհասարակ, ցանկացած գործ պետք է գնահատվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ըմբիշը:

 


Նույն մդալով պարգևատրվել է նաև ըմբշամարտի մեկ այլ չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշեց, որ իր համար և' սպասելի էր մեդալը, և' անսպասելի:
Երգիչ Անդրեն ստացել է «Վաստակավոր արտիստի կոչում. «Հուզված եմ, շնորհավորում եմ, կրկնակի տոն է ինձ համար, քսան տարի է` բեմում եմ: Իսկ այս պարգևի մասին այսօր առավոտյան եմ իմացել»,-ասաց նա:

 


Դերսանուհի Էվելին Շահինյանն էլ նշեց, ո իր համար պատիվ էր` Նախագահից ստանալ Մովսես Խորենացի մեդալը և բոլորին շնորհավորեց տոնի կապակցությամբ:
«Ուրախ եմ իմ ժողովրդի համար, որ ապրում ենք ազատ ու անկախ հանրապետությունում: Շնորհակալ եմ Նախագահից, մշակույթի նախարարությունից, որ ինձ ընծայեցին այս պարգևը»,-ասաց նա:

 


Նույն մեդալով է պարգևատրվել նաև «Առավոտ» օրաթերթի իրավական լրագրող Ռուզաննա Մինասյանը, ով նշեց, որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ է ոտք դրել նախագահական նստավայր:
«Երբ զանգեցին, հրավիրեցին, զարմացա, թե ինչու՞: Անկախության տոնն էր, ցանկացա հասկանալ, թե ինչ է կատարվելու, ամեն դեպքում` ուրախ եմ»,-ասաց նա: