Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը (լուսանկարներ)
Գերմանիայի Մյունխեն քաղաքում երեկ 181-րդ անգամ մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի ամենամեծ փառատոնը։ Ըստ ավանդույթի՝ ուղիղ կեսօրին Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայթերը բացել է թարմ գարեջրի 200-լիտրանոց տակառը, գրում է Обозреватель-ը։
Նման ծիսակատարությունը հայտարարում է տոնի սկիզբը, որն այս տարի կտևի մինչ հոկտեմբերի 5-ը։ Միջոցառումը բացվում է նաև շքերթով, որի գլխավոր մասնակիցները միությունները և ակումբներն են, որոնք աջակցում են բավարական ազգային հագուստների ավանդույթներին, փողային նվագախմբերը, ինչպես նաև գարեջրի տակառներով քարշակներ։ Տակառները տանում են դեպի տոնակատարության գործողությունների գլխավոր վայր։
«Օկտոբերֆեստ»-ի այցեքարտերն են գարեջրի տարբեր տեսակները, բավարական նրբերշիկները, ազգային հագուստները, ինչպես նաև, այսպես կոչված, վրանները, որոնցից ամենամեծում կարող է միաժամանակ մոտ 10.000 մարդ տեղավորվել։ Ընդհանուր փառատոնի տարածքում կարող է գտնվել մինչև 120.000 մարդ։
2013-ին «Օկտոբերֆեստ»–ին մասնակցել է ավելի քան 6 մլն մարդ։ Փառատոնի ընթացքում խմել են գրեթե 7 մլն լիտր գարեջուր։ Ընդ որում՝ բոլոր հյուրերից միայն 15%-ն են եղել արտերկրից։






































