Հոկտեմբերի 10-ին Հայաստանի և ԵՏՄ-ի միջև ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի. Աշոտ Մանուչարյան

13:35 • 22.09.14

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով հոկտեմբերի 10-ին Հայաստանի և ԵՏՄ-ի միջև ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի:


«Կարող էի շատ միանշանակ խոսել այդ մասին, եթե ԵՏՄ-ի ներսում խարդավանքներ չլինեին: Նազարբաևի կողմից անգլիական գործակալության քաղաքականության գործոնը կա, ինչպես նաև մնացած հարցերը կարող են բերել ինչ-ինչ կնճիռների»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Մանուչարյանը՝ մանրամասնելով. «Բայց դա պարտադիր չէ. Ռուսաստանը քանի գնում, ավելի կարծրացնում է իր դիրքորոշումը, և ես կարծում եմ, որ մի պահից հետո այդ գործակալական ցանցերը ոչ մի նշանակություն չեն ունենա, նրանք կջախջախվեն»:


Անդրադառնալով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման թեմային, Աշոտ Մանուչարյանն ասաց, թե վերջին ժամանակներում թմբուկների բաբախումից նոր տպավորություն է, թե Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ կան: «Խնդիրն այն է, որ ՌԴ-ի դեմ վաղուց են պատժամիջոցներ կիրառվում, արդեն 25 տարի է, Խորհրդային Միության փլուզումից հետո դրանք կան, ավելին՝ կան ետխորհրդային տարիների մնացած երկրների դեմ էլ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը՝ շարունակելով, թե այսօր այդ երկրները միատեսակ պրոբլեմ ունեն, երիտասարդները փախչում են երկրից, գնում են Եվրոպական երկրներում սովորում և աշխատում, իսկ երկրներում մնում է ծերացող բնակչությունը:


Բանախոսն ասաց, թե տասնյակ այլ ուղղություններով կարելի է համեմատել և օրինակներ բերել այդ պատժամիջոցների վերաբերյալ, ապա շարունակեց, թե Ռուսաստանն իր զարգացման մոդելը չունի, այն վերցրել է Արևմուտքից, որպեսզի դառնա առաջադեմ երկիր:


«Հիմա մենք 25 տարի հետ ենք գլորվում, խորհուրդները ստանում ենք Արևմուտքից որպես առաջադեմ խորհուրդ, դրա համար բլոկադան մեզ համար նորություն չէ»,-նշեց Մանուչարյանը՝ ավելացնելով, թե այս վիճակից ելքի համար Ռուսաստանը բոլորիս առաջարկ է անում. «Ասում է, թե մեկ է մեզ չեն թողնելու զարգանանք, դրա համար եկեք մի մեծ տնտեսական համակարգ ստեղծենք, որտեղ փորձենք ամեն ինչ ինքներս արտադրել և զարգանալ, այ նորույթը սա է»:


Աշոտ Մանուչարյանն այն համոզմունքին է, որ Արևմուտքը ձգտում է, որ երկրները տրոհվեն, շատ փոքր լինեն, որովհետև, ըստ նրա, ինչքան փոքր լինեն երկրները, կամքի արտահայտությունն այնքան ավելի թույլ կլինի:


«Արևմուտքը մեզ չի դրդում դեպի Եվրասիական տնտեսական միություն, նա մեզ դրդում է Եվրամիություն, որն իր համար կառավարելի համակարգ է, բայց քանի որ ինքը ճգնաժամային վիճակում է, այդ դրդումը ոչ մի բանով չի կարող արտահայտվել, նախկինում կարող էր, օրինակ՝ մեկ-երկու գիտահետազոտական ինստիտուտ բացել, բայց հիմա խորը ճգնաժամի մեջ է, և միջոցներ չունի այդպիսի նվերներ կատարելու, և սկսում է կոշտ առճակատումը, խարդավանքները»,- ընդգծեց Աշոտ Մանուչարյանը: