Նյու Յորքում անցկացվել է ամենամեծ երթը՝ հանուն կլիմայի պաշտպանության (լուսանկարներ)
ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով գագաթաժողովի նախօրեին, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին, աշխարհում անցկացվել են բազմաթիվ ցույցեր՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության։ Նյու Յորքում ակցիային մասնակցել է ավելի քան 300.000 մարդ, գրում է Deutsche Welle-ն։
Նյու Յորքում երթի մասնակիցներին միացել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը, դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն, երգիչ Սթինգը, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։
«Ես ապշած եմ մարդկանց այս ուժից, էներգիայից և դիրքորոշումից։ Կլիմայի փոփոխությունը դարձել է թեմա, որը բնութագրում է մեր ժամանակը, և մենք չպետք է ոչ մի րոպե կորցնենք»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Ակցիայի կազմակերպիչների գնահատականով, որոնք ակնկալում էին մինչև 100.000 մարդու մասնակցություն, Նյու Յորքի ցույցը դարձել է ամենազանգվածայինը կլիմայի պաշտպանության համար անցկացված երթերի պատմությունում։
Բեռլինում ակցիային մասնակցել է մոտ 10.000 մարդ։ Նրանք իշխանություններից պահանջել են ավելի հստակ նպատակներ կլիմայի ոլորտում։ Երթեր և ցույցեր են անցկացվել նաև Ավստրալիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Իսպանիայում, Նեպալում, Նորվեգիայում և Ֆրանսիայում։



















![]()
















