Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

09:19 • 22.09.14

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանը «կարևոր տոնի»՝ Անկախության օրվա առիթով:

 

Նա «լավագույն» մաղթանքներն է հղել հայ ժողովրդին, խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա խոր ու ամուր կապերի մասին: Ջոն Քերին նկատել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն գործընկեր ու բարեկամ են:

 

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ՝ անվտանգության հարցերով համագործակցության, տնտեսական և ժողովրդավարական զարգացման տարբեր հարթություններում:

 

Քերին նկատել է, որ սա նաև լավ առիթ է մատնանշելու հայաստանցիների և ամերիկահայերի ձեռքբերումները: ԱՄՆ պետքարտուղարը համայն հայությանը մեծ հաջողություն է մաղթել ընթացիկ տարում: