Իշխանությունը զավթել է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը. Պետրոս Մակեյան

14:09 • 22.09.14

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը սեպտեմբերի 21-ին հրավիրել է քաղխորհրդի նիստ ու ընդունել հայտարարություն՝ 23 տարվա անկախություն ունեցող Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների կապակցությամբ: Կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ամփոփ ներկայացնելով հայտարարությունը, նշեց, որ այսօր ներկայիս իշխանությունը զավթել է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը, իսկ իրական ընդդիմությանը ուղղել դեպի լուսանցք:


«Իշխանությունը այսօր թևերը քշտած իր կուսակցությունների միջոցով անում է ամեն ինչ, որ իրական ընդդիմադիր դաշտում պրոցես չգնա: Խոսքը այն ընդդիմության մասին է, որը չի գտնվում իրենց վերահսկողության տակ և փորձում է հասարակության շրջանում պրոցեսներ տանել»,- ասաց նա:


Անդրադառնալով ոչ իշխանական խորհրդարանական քառյակին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ այն վերահսկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:


«Քառյակի մաս կազմող ԲՀԿ-ն գիտենք, թե ծնունդ է առել Ռոբերտ Քոչարյանից, ԲՀԿ-ին սպասարկում է ՀԱԿԿ-ն, այսինքն՝ նախկին ՀԱԿ-ը: «Ժառանգությունը» անհասկանալի է դարձել, բայց երևում է, որ արդեն «Ժառանգությունն» էլ մտել է Քոչարյանի հովանու տակ: Դաշնակցությունը, լինելով 100 տարվա կուսակցություն, այսօր կույս աղջկա պահվածք է ընդունել, որոշել է խաղեր տալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Պետք է հիշել, որ այս երկու մարդիկ անբաժան են, թեև ներկայումս պայքարում են իրար դեմ, բայց ոչ թե համակարգի համար, այլ՝ իշխանության, իրենց քրեական լեզվով ասած՝ թիվ մեկ «պախանը» լինելու համար»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հոկտեմբերին եռյակի կողմից հրավիրված հանրահավաքին, ապա Պետրոս Մակեյանը շեշտեց, որ ինքն անձամբ ներկա չի լինելու, բայց կուսակցության մյուս անդամները ազատ են իրենց ընտրության մեջ, թեև հիմնական մասը որոշել է չգնալ:


«Եռյակի կողմից օրը պատահական ընտրված չէ, այդ օրը ԵՏՄ-ի հետ կապված Հայաստանը փաստաթուղթ պետք է ստորագրի: Կարծում եմ, որ այս եռյակը հինգերորդ շարասյան ֆունկցիան է վերցրել իր վրա»,- ասաց նա:


Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ եթե անգամ ինքը սխալվում է քառյակի բարի նպատակների հարցում, ապա մի բան հստակ է, որ ԲՀԿ-ն ևս ունի բազմաթիվ օլիգարխներ և եթե գա իշխանության որևէ բան չի փոխվի երկրում: