Նոր մանրամասներ գործարար Սիլվա Գալստյանի մահվան մասին

10:59 • 22.09.14

Իր տատին՝ Սիլվա Գալստյանին կյանքից զրկելու և նրանից առանձնապես խոշոր չափի հափշտակության փաստի առթիվ 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Փաստի առթիվ սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: 


Սեպտեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Կենտրոնականի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սիլվա Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի 1 շենքի թիվ 55 բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: 


Սեպտեմբերի 20-ին Սիլվա Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:  


Նշանակվել են փորձաքննություններ: Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:  

Ա.Մոմջյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն