Վրաստանում սկսվում է Սաակաշվիլիի գործով դատավարությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր սկսվում է դատավարությունն այն գործով, որի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Հուլիսին Վրաստանի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել Սաակաշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկել՝ ծառայողական լիազորությունների գերազանցման համար:
Սաակաշվիլին մեղադրվում է 2007-ի նոյեմբերի հանրահավաքը կոշտ միջոցներով ցրելու և հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի գույքին ապօրինի տիրանալու համար:
Սաակաշվիլիից բացի, այս գործով մեղադրանքներ են ներկայացված նախկին գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, պաշտպանության նախարարին, ներքին գործերի նախարարին և Թբիլիսիի նախկին քաղաքապետին: ՆԳ նախկին նախարարից և քաղաքապետից բացի, այս գործով անցնող մյուս բոլոր անձինք արտասահմանում են:
Սաակաշվիլին բնակվում է ԱՄՆ-ում:










