Շուրջ 40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել
Շուրջ 40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել. այս մասին Tert.am-ին փոխանցեց «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը։
«Իրենց բողոքի ակցիայով դատապարտյալներն առաջարկում են Արդարադատության նախարարությանը 2011թ. մայիսի 25-ի քրեական օրենսգրքի փոփոխություններով դատապարտման համար սահմանել հնարավորություն՝ պատժաչափերի վերանայման համար»,-նշեց ՀԿ նախագահը՝ տեղեկացնելով, որ սա հուլիս ամսվա հացադուլի շարունակությունն է, երբ նախարարությունից դատապարտյալները ստացան հավաստիացում, որ մեկ ամսվա ընթացքում քայլեր կձեռնարկվեն։
«Իրենք այն ժամանակ բանակցություններից հետո դադարեցրել էին հացադուլը»,-ասաց նա և ավելացրեց, թե հավաստիացումները շարունակություն չստացան։
Ըստ Զարուհի Մեջլումյանի՝ նման հնարավորության դեպքում ցմահ դատապարտյալների գործերը կմտնեն դատարաններ և դատարանները որոշ դեպքերում կսահմանեն ոչ թե ցմահ, այլ կփոխեն պատժաչափերը 15-20 տարիների ազատազրկման միջակայքում։
«Որովհետև հենց դա էր սահմանվել մայիսի 25-ի փոփոխություններով, այն է՝ տարիների տեսքով առավելագույն պատիժը դարձել էր 15-ից 20 տարի։ Այսինքն՝ եթե ցմահներից որոշները դատապարտվեին 2011թ.-ից հետո, ապա միգուցե որոշների նկատմամբ ոչ թե ցմահ ընտրվեր, այլ հենց 16, 17, 18 տարվա ազատազրկում, բայց ոչ ցմահ։ Ցմահի տեսանկյունից դա մեղմացուցիչ փոփոխություն է։ Իսկ մենք գիտենք, որ մեղմացնող օրենքներն ունեն հետադարձ ուժ»,-ասաց նա։










