Շա՜տ ավելի լուրջ բան կլինի, եթե զինվորը սովորի ռազմապար. Գագիկ Գինոսյան

21:48 • 23.09.14

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե պարբերաբար զորամասերում հայտնվելուն, մեր զինվորներին աջակցելուն, մեր զինանոցում զինատեսակներին զուգահեռ պետք է ունենանք նաև ռազմապար:


«Ինչպես նախկինում, հիմա էլ մտավորականներով, արվեստագետներով, գիտնականներով, նաև` կռված տղաներով այցելում ենք տարբեր զորամասեր՝ քաջալերելու տղաներիին, նաև՝ երգելու, պարելու: Մենք երբևէ զորամասերի հետ կապը չենք կորցնում և միշտ տղաների հետ ենք»,-ասաց Գագիկ Գինոսյանը:


«Չնսեմացնելով որևէ մեկի արածը, պետք է ասեմ, որ շա՜տ ավելի լուրջ բան կլինի, եթե զինվորը սովորի ռազմապար: Մենք գնում, ոգեշնչում, վերադառնում ենք, իրենք մնում են մենակ: Բայց երբ ռազմապարն է իրենց հետ, դա արդեն ներքին ոգի է, և անընդհատ, ցանկացած պահի զինվորը կպարի, և այդ ոգեղենը ձեռք կբերի»,-ասաց Գագիկ Գինոսյանը՝ շարունակելով, թե այս մասին միշտ խոսվում, բարձրաձայնվում է, և վերջապես արձագանքը կա:


«Պատրաստվում ենք ծրագիրը ներառել ուսումնական հաստատություններում: Մենք կապի մեջ ենք պաշտպանության նախարարության, հատկապես՝ փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ, և նախարարի համաձայնությամբ այդ գործընթացը շարունակվում է, պետք է ներդրվի ռազմական ուսումնական հաստատություններում: Երբ դպրոցներում ներդրված «Ազգային երգի ու պարի» ծրագիրը մի փոքր հունի մեջ մտնի, երբ հեծանիվը շարժվի, և մենք կարողանանք հավասարակշռությունը պահել, կզբաղվենք նաև դրանով: Մեր ուշադրությունը հիմա կենտրոնացած է «Ազգային երգ ու պար» առարկայի վրա»,-եզրափակեց Գինոսյանը:

 

 

 

Շա՜տ ավելի լուրջ բան կլինի, եթե զինվորը սովորի ռազմապար. Գագիկ Գինոսյան