Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Եկեղեցին 18 միջոցառում կիրականացնի
«Հայելի» ակումբի հյուր Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց եկեղեցական-ներկայացուցչական ժողովի արդյունքները՝ տեղեկացնելով, որ ժողովին քննարկվել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հարցը: Նախատեսված է իրականացնել 18 միջոցառում, որոնցից երկուսը՝ Մյուռոնօրհնեքը և Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ընդգրկված են պետական միջոցառումների ցանկում:
«Նախատեսված է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ միջեկեղեցական միջոցառումներ կազմակերպել հայաշատ կենտրոններում՝ Վաշինգտոն, Թավրիզ, Մոսկվա, ինչպես նաև քույր եկեղեցիների հոգևոր կենտրոններում՝ Վրաստան, Քենթբերի»,- ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ եկեղեցական-ներկայացուցչական ժողովը ընդգրկուն կազմով էր՝ շուրջ 164 հոգի: Այն չափազանց կարևոր էր այն առումով, որ ընդունվեց ժողովի կանոնադրությունը. «Դա իրապես կարելի է կարևոր համարել: Նախատեսված է այն գումարել երկու տարին մեկ անգամ: Ժողովն արդեն դարձել է համաեկեղեցական ինստիտուտ»:
Անդրադառնալով Սիսի կաթողիկոսության վերադարձին՝ Արշակ սրբազանը հրաժարվեց գնահատել իրատեսականությունը, բայց քայլն ինքնին արդարացված է: «Մենք սա դիտարկում ենք նույն պահանջատիրական ձգտումների համատեքստում, և կարծում ենք, որ Մայր Աթոռը պետք է ամեն կերպ աջակցի այդ գործընթացին»,- ասաց նա:










